Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտված թեկնածուները դեպրեսիայի մեջ չեն

Մայիս 11,2012 13:13

Բայց ժողովրդից մի քիչ նեղացած են

Հակոբ Հակոբյան

Ցանկացած ընտրություններից հետո քաղաքակիրթ աշխարհում պարտված կողմը թեկուզեւ ցավոտ է տանում պարտությունը, բայց գոնե արժանապատվորեն է ընդունում իր պարտությունը՝ ձեռքսեղմումով շնորհավորելով իր մրցակցին: Հայաստանում դեռեւս չկա այդ մշակույթը՝ բացառությամբ որոշ պարտված թեկնածուների, որոնք թեեւ կասկածի տակ են դրել ընտրությունների արդար լինելը, բայց եւ շնորհավորել են իրենց մրցակիցներին: Երեկ հոգեբան Գոգա Հարությունյանը պարտված թեկնածուների վերաբերյալ մեր այս դիտարկումը բացատրեց այդպես էլ թեկնածու մնացած հետընտրական դեպրեսիվ վիճակով: Ըստ հոգեբանի՝ այդ պարտությունից հետո արդեն նախկին թեկնածուները, բացի դեպրեսիայից, նաեւ մեծ ագրեսիայով են լցված:

«Առավոտը» մի շարք մեծամասնականով առաջադրված պարտված թեկնածուներից փորձեց ճշտել՝ արդյոք նրանց մոտ կա՞ դեպրեսիա, եւ իսկապե՞ս այժմ ագրեսիվ վիճակում են, ինչպես որ հոգեբաններն են պնդում: Որոշ պատգամավորներ երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ մեր զանգերին չպատասխանեցին. չի բացառվում, որ նրանք, իսկապես, խորը դեպրեսիայի մեջ են: Իսկ նրանք, որոնք էլ մեզ հետ զրուցեցին, իրենց հետընտրական վատ տրամադրությունը դեպրեսիայի ու ագրեսիայի հետ չկապեցին: Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը թիվ 19 ընտրատարածքում պայքարել է Սեյրան Սարոյանի դեմ եւ պարտվել, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ եթե ընտրապայքարն ազնիվ ընթանար ու ժողովուրդն իրեն ձայն չտար, այդ դեպքում իսկապես դեպրեսիայի մեջ կընկներ. «Ես սթրեսի մեջ կընկնեի այն ժամանակ, եթե ժողովրդին փող չտային, ու ժողովուրդն ինձ ձայն չտար: Այ, այդ ժամանակ ես մտածելու բան կունենայի: Բայց եթե այստեղ ձայնը վաճառվում է… բոլորովին, բոլորովին, ոչ մանթրաշ եմ, ոչ էլ ագրեսիա կա իմ մեջ: Եթե լինեին մի քանի մարդ կամ մի քանի տասնյակ մարդ, որ գնացին փողի ետեւից, միգուցե ես նրանց նկատմամբ լինեի շատ ագրեսիվ, փորձեի բացատրել նրանց իրենց սխալ արարքը: Բայց քանի որ ժողովրդի մեծամասնությունն է դա արել, ես ինքս չեմ կարող մեծամասնության մասին որեւէ բան արտահայտել: Չնայած այն կարծիքին եմ, որ նրանք հոգիները վաճառել են»: Հոգեբան Գոգա Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում նաեւ կարծիք էր հայտնել, որ պարտված թեկնածուների մեջ կուտակված ագրեսիան կարող է ստիպել նրանց դառնալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսն ՀԱԿ-ն է: Պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա մի օր կդառնա՞ նման ընդդիմադիր:

Արմեն Մարտիրոսյան

«Ես ո՞նց կարող եմ դառնալ ընդդիմություն ժողովրդի նկատմամբ, քանի որ ժողովուրդն է դա արել: Նախկինում, երբ մի խումբ մարդիկ էին անում կեղծիքներ ու մի խումբ մարդկանց հրահանգով, դա կարելի էր դատապարտել, բայց երբ մի ամբողջ ազգի ես դարձնում ընտրակեղծիքի անդամ, այստեղ դատապարտելու ոչինչ չունենք»:

Արթուր Եղիազարյան

Իսկ թիվ 8 ընտրատարածքում պայքարող ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանն էլ, որը պարտվեց հանրապետական Կորյուն Նահապետյանին, վստահեցրեց՝ ոչ մի դեպրեսիա չկա, բայց. «Դժվար հոգեբանական իրավիճակում եմ, երբ տեսնում եմ՝ այս երկրում ինչ է կատարվում, որտեղ նույնիսկ պայքարելու տեղ չեն թողնում: Դեպրեսիա՝ չէ, ուղղակի անհասկանալի վիճակ է, երբ ժողովրդին մեղսակից դարձրին այդ գործընթացին, եւ այսօր չգիտես՝ ումից պահանջես: Չշնորհավորելուս պատճառը մեկն է. այս մեքենան, որ աշխատեց իշխող կուսակցության պարագայում, որը ազդեց նաեւ մեծամասնականի արդյունքների վրա, առողջ չէր: Մի քանի անգամ բանավեճի էինք հրավիրել, միջավայր է եղել, որտեղ կարող էինք ծրագրերով ներկայանալ ու պայքարել: Ընտրություն էր փողի եւ չեղած գաղափարների միջեւ: Թող այդ հարթության մեջ ինձ հաղթող լիներ, եւ սիրով ձեռքս կմեկնեի ու կշնորհավորեի»: Հոգեբանի՝ պարտված թեկնածուների ագրեսիան կարող է ՀԱԿ-ի պես ընդդիմություն ստեղծել կարծիքի վերաբերյալ էլ պարոն Եղիազարյանն ասաց. «Կարծում եմ՝ այո, հնարավոր է, բայց ավելի սառը, գիտակցված, ավելի գործող ընդդիմություն, ոչ ագրեսիվ: «Ագրեսիան ընդդիմություն կստեղծի» ասածի մեջ տրամաբանություն կա. այս երկրում կամ պիտի փողով առնես, կամ պիտի հայհոյես այս իշխանությանը: Այսօր, եթե գաղափարական ու գիտակցված ընդդիմություն ես լինում՝ ընկալելի չես լինում: Ճիշտ ժամանակն է կրթել մարդկանց: Ես այս ամբողջ գործընթացից տպավորություն ստացա, որ այս երկրում երեխա ունեցող չկա, օրվա մասին են մտածում, հաջորդ 5 տարվա մասին չեն մտածում»:

Պարտված թեկնածուներից մեկն էլ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն է, որը թիվ 6 ընտրատարածքում էր պայքարում: Նա մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել իր հետընտրական տրամադրության մասին, միայն նշեց, որ դեպրեսիա-ագրեսիա չկա. «Վերադարձել եմ ընտանիք, մի շաբաթ էլ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի, հետո՝ կխոսենք»:

Վլադիմիր Կարապետյան

Թիվ 2 ընտրատարածքում անկուսակցական, ՀԱԿ-ից առաջադրված Վլադիմիր Կարապետյանը, որը պարտվել է հանրապետական Սամվել Ֆարմանյանին, վստահեցրեց, որ պարտվելուց հետո ոչ ագրեսիա, ոչ դեպրեսիա, ոչ էլ հիասթափություն ունի. «Իմանալով այն կեղտոտ գործիքները, որին դիմել են իշխանությունները, ես հասկացա, որ հնարավորություն չկար հաղթելու, որովհետեւ կեղծված է ժողովրդի կամարտահայտությունը: Այդ առումով բավականին սթափ եմ գնահատում իրավիճակը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031