Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը երկիրը կկառավարի ոչ թե միանձնյա, այլ կոալիցիա կկազմի ԲՀԿ-ի հետ: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կփորձի ինչ-որ կերպ սիրաշահել ԲՀԿ-ին, բայց այնուամենայնիվ իր նպատակն այն է, որ ԲՀԿ-ին միշտ պահի վերահսկողության տակ, որպեսզի Քոչարյանը շանս չունենա քաղաքականություն մտնելու: Կարող է լինեն ինչ-որ փոխզիջումներ, որոնք շատ տեւական բնույթ կկրեն: Փորձն էլ ցույց է տվել, որ ԲՀԿ-ն ու իր ղեկավարությունը կռվող տեսակ չէ, մինչ այս պահը ուսումնասիրելով ԲՀԿ-ի փորձը՝ ես տեսել ու համոզվել եմ, որ այդտեղ լուրջ կռիվ տվողներ չկան, եւ իրենք էս կամ էն կերպ կհարմարվեն իշխանությունների հետ»: Aravot.am-ի մյուս հարցին էլ՝ ի՞նչ բնութագիր կտա նորընտիր խորհրդարանին, արդյոք սա ժողովրդի երազա՞ծ օրենսդիր մարմինն է՝ պարոն Խաչատրյանն ասաց. «Կոնկրետ իմ երազած խորհրդարանը չէ, եւ ճիշտն ասած՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, ես գիտեի մոտավորապես, թե ինչ պետք է լինի, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը այլ ելք չուներ, քան մեծամասնություն նկարելը իր համար: Այլապես կհայտնվեին ուժեր, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, որը միանշանակ կկանխեր Հանրապետականի վերելքը, դրա համար Հանրապետականը նկարեց իր մեծամասնությունը»:
«Առավոտ» օրաթերթ