Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ձեւավորելու հնարավորությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց. «Գտնում եմ, որ վաղուց էր պետք հրաժարվել ինքնանպատակ կոալիցիոն ձեւաչափից: Կոալիցիան, եւ դա ասվել է նաեւ շտաբի շրջանակներում տեղի ունեցած լսումների ընթացքում, երբ դրան ներկա էր նաեւ ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, պետք է բխի ընտրությունների արդյունքից եւ պետք է արտացոլի ուժերի իրական հարաբերակցությունը: Բայց քանի որ ուժերի իրական հարաբերակցությունն այս ընտրությունների պաշտոնական արդյունքներով չարտացոլվեց եւ չի արտացոլվելու խորհրդարանում՝ ուստի կոալիցիայի ձեւավորումը դառնում է հերթական անգամ ինքնանպատակ եւ ամենեւին էլ չի կարող արդյունավետ լինել՝ որպես երկրի կառավարման մեխանիզմ: Ինչ վերաբերում է կոնկրետ տարբերակներին, եւ թե՝ քաղաքական կոնֆիգուրացիաներից ո՞ր մեկը կուրվագծվի նոր խորհրդարանում, ապա այդ մասին դատողություններ կարող ենք անել ավելի մոտ ապագայում՝ ԱԺ անդրանիկ նստաշրջանի գումարմանը: Իսկ առաջիկա 20 օրերի ընթացքում օրակարգային հարցն այն բողոքների ուսումնասիրությունն է, որը ներկայացրել են մեր գործընկերները՝ ՍԴ-ում եւ վերահաշվարկի պահանջը՝ ԸԸՀ-ներում»:
«Առավոտ» օրաթերթ