Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պրեֆերանս»՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ

Մայիս 11,2012 12:47

Մարքսիստի գնահատականներն անցած ընտրություններին

«Դա ավելի շուտ վուլգար ասիական բալագան էր հիշեցնում: Դրանք «ընտրություններ» կոչելը կլինի անաստված սուտ: «Փող տուր, որ գամ ընտրության»՝ ահա գեղջուկների պատասխանը, ահա այդ հանցագործ, պասիվ էլեկտորատը, որ ընտրության մասնակցում է պրոտեկցիայով եւ կոռուպցիայով, այն ընտրազանգվածը, որի մասին ես մտահոգվում էի, որն էլ իրականացրեց պետական հեղաշրջում՝ հօգուտ ՀՀԿ-ականների». սա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի գնահատականն է մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք, որ թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով այս էլ երկրորդ անգամ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը («Կիլիկիա» գործարանի սեփականատեր) «հաղթեց» Դավիթ Հակոբյանին: Հետաքրքիր է, որ մարքսիստի դիտարկումները համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաբերյալ էականորեն տարբերվում են: «Ժողովուրդը ճնշիչ, մամլիչ պետական ապարատի ազդեցության տակ անգամ 60 տոկոս ձայն տվեց ԲՀԿ-ին: Բայց ԲՀԿ-ն գիշերը ժամը 3-ից հետո ուղղակիորեն չպահեց իր ձայները եւ մեխանիկորեն, ստրկաբարո ձեւով 20 տոկոսը փոխանցեց ՀՀԿ-ին, եւ ՀՀԿ-ն բարձրացավ 45 տոկոս»,- ասում է մարքսիստը՝ հավելելով, որ ժողովուրդը ԲՀԿ-ին դա չի ների: «Առավոտի» դիտարկմանը՝ ԲՀԿ-ին մեղադրում եք ձայները ՀՀԿ-ին վաճառելու մե՞ջ, Դավիթ Հակոբյանը հակադարձեց. «Վաճառել, թե տրամադրել՝ արդյունքը մեկ է: Ամեն տեղամասում 200-500, 200-600… հարաբերակցություն է եղել: Չէր կարելի 3-ից հետո պայքարը թողնել: Առավոտյան ԲՀԿ-ն պետք է հայտարարություն աներ, որ 60 տոկոս ձայն է ունեցել: Չարեց: Այսօր վերջին շանսն է, եւ հասարակությունը ուշի-ուշով հետեւում է՝ կխփի՞ ԲՀԿ-ն պենալտին: Չխփեց՝ ԲՀԿ-ն այլեւս գոյություն չի ունենա որպես քաղաքական միավոր, ժողովրդի աչքին կդառնա երկրորդ ՕԵԿ»:

Մարքսիստը նկատում է, որ վերջին հաշվով հասարակությանն այդքան էլ չի հուզում՝ ով է հաղթել, ով պարտվել. «Հասարակությունն ու պատմական պահը մեկ խնդիր է դնում ԲՀԿ-ի առջեւ, եւ դա նաեւ նրա լինել-չլինելու հարցն է՝ արդյոք ԲՀԿ-ն, որպես սպասավոր աղախին, կգնա՞ ՀՀԿ-ի հետ դաշինքի եւ «ղազագիր» կստորագրի՞ որպես ապագա նախագահական ընտրություններում Սերժ Ազատիչին պաշտպանելու գրավական, թե՞ այսօր ԲՀԿ-ն իրեն վստահված միակ ու վերջին քաղաքական պենալտին կխփի եւ կդառնա ազգային հերոս: ԲՀԿ-ի ճակատագիրը մինչեւ երկուշաբթի օրը դրված է խաղաքարտին: Եթե ԲՀԿ-ն գնա ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ դաշինքի եւ ձեւավորի նոր ընդդիմադիր ճամբար՝ ի հակակշիռ ՀՀԿ-ական խունտայի սանձարձակությունների, ուրեմն ԲՀԿ-ն կդառնա ազգի լուսավորիչ, ազգային հերոս: Ի դեպ, եթե այս կուսակցություններից որեւէ մեկը այդ դաշինքից հրաժարվի, ժողովուրդը նրան պետական հանցագործ եւ ազգադավ կհամարի»: Թեպետ մարքսիստը դժգոհ է, որ քաղաքական դաշտում ԲՀԿ-ն իրեն թողեց մեն-մենակ, «անտեր»՝ իր մեծամասնական ձայները տալով մարքսիստի ՀՀԿ-ական մրցակցին, անգամ այն բանից հետո, երբ մարքսիստին իրենց ցուցակում էլ չէին ընդգրկել, բայց դա չի խանգարել, որ ԲՀԿ-ի «ագիտացիայի» համար ինքը «տանջվի»: Հաղթահարելով ԲՀԿ-ի նկատմամբ իր մեջ կուտակված ամբողջ վիրավորանքն ու զայրույթը՝ Դավիթ Հակոբյանը հարկ է համարում իբրեւ «ազգի տրիբուն» ժողովրդի պատգամը փոխանցել ԲՀԿ-ին. «Մինչեւ երկուշաբթի օրը լավ փիքր արեք»:

Ի հեճուկս նրանց, ովքեր անցած ընտրությունները դիտարկում են դրական քողի ներքո, Դավիթ Հակոբյանը դրանք մեծ հաշվով համարում է ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ տեղի ունեցած թղթախաղ. «Պրեֆերանս, թղթախաղ, որտեղ ամեն ինչ որոշում էր կապիտալը: Գաղափարական պայքար չի գնացել: Ես ոչ մեկին ընտրակաշառք չեմ տվել, եւ իմ խիղճը հանգիստ է, որ ազգիս ներկայացա իմ նոր գաղափարական հայեցակարգով ու վարդապետությամբ»: Ընտրական գործընթացների իր գնահատականներն ավելի պատկերավոր դարձնելու համար մարքսիստը մեջբերում է Ղազար Փարպեցուն. «Ամեն մի ազգ, հասարակություն հեշտ ու արագ է անառականում, եթե նրան անառակեցնողը բռնապետությունն է, որտեղ մարդկային հարաբերությունները որոշողը կեղծիքն է, սուտը, խաբեությունը եւ մատնությունը»: Ապա որպես բժիշկ-հոգեբան՝ թիվ մեկ մարքսիստը ախտորոշում է. «Մեր հասարակությունը խորը հիվանդ է: Ռադիկալ միջոցներ են պետք: Հայ ազգը հզոր ազգ է, բայց ոտնահարեց իր ընտրական իրավունքը, եւ այդ հասարակությանն այլեւս պետք չէ ապավինել: Նախիջեւանցիները եւ շամշադինցիները խայտառակեցին իրենց: Սերունդները դա նրանց չեն ների: Հուդայի նման գրոշներով վաճառեցին իրենց հոգին՝ ինչքան էլ համակրում եւ երկրպագում էին իմ ելույթները, հիացմունք էին արտահայտում: Փող տուր՝ գամ ընտրեմ, փող չկա՝ չեմ ընտրում: Իսկ բանակը իր ամենակործանարար դերը կատարեց՝ եռակի-քառակի քվեարկեցին բաց քվեարկությամբ՝ լրացնելով «պասիվ էլեկտորատի» տեղը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031