Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղանդների արմատը

Մայիս 11,2012 12:42

Դեռեւս մինչեւ վերջ չպարզված օրինաչափությամբ՝ կան մարդիկ, որոնք հեշտությամբ են դառնում  կուռք կամ անեծքների թիրախ, ձեւավորում են իրենց շուրջը հոսանքներ, ինչպես նաեւ այդ հոսանքների թունդ հակառակորդներ: Իսկ որոշները հերոս կամ հակահերոս չեն դառնում: Չեմ էլ կարող պնդել, թե որ տարբերակն է ավելի լավը: Իմ ճաշակով՝ երկրորդը, որովհետեւ ծայրահեղացված գնահատականները, ադեպտների եւ ոխերիմ թշնամիների բանակների առկայությունը անառողջ դրսեւորում է թե անհատական եւ թե հասարակության մակարդակներով:

Լեւոնականությունն, անշուշտ, աղանդ է, որով տառապում են հիմնականում հետբալզակյան տարիքի էքզալտացված տիկնայք եւ հեղափոխական պատանիները կամ պատանի ձեւացողները: Նման ռոմանտիզմը հատկապես անտեղի է այսօր, երբ ՀԱԿ-ը դարձավ օրենսդիր իշխանության թեեւ չնչին, բայց մասը: Ի դեպ, մանդատներ վերցնելը միանգամայն ճիշտ քայլ էր՝ պառլամենտական կուսակցություն դառնալը կարող է լավ հակաթույն  լինել աղանդավորական մտածողության դեմ: Բայց ճիշտ նույնպիսի, ինձ համար նույնիսկ՝ ավելի տհաճ աղանդ է հակալեւոնականությունը, երբ առաջին նախագահի հետ կապված ամեն բան փորձում են սեւացնել, երբ նրան վերագրում են իր եւ իր զինակիցների հետ առնչություն չունեցող արարքներ եւ հատկանիշներ:

Նույնը՝ երկրորդ նախագահը: Ես մարդ գիտեմ, որն իր տանը կախել է Ռոբերտ Քոչարյանի նկարը եւ ամեն օր ժամերով խոսում է նրա հետ: Բայց կան նաեւ մարդիկ, ում մոտ լարվում են երեսի մկանները այդ անունը լսելիս: Իզուր չեն ասում՝ ում որ շատ ես ատում, հենց նրան էլ նմանվում ես: Նկատել եք, չէ՞, որ նրանք, ովքեր չափից դուրս հաճախ են ասում «մահ թուրքերին», ունեն առավել վառ արտահայտված մոնղոլատիպ այտոսկրեր: Մինչդեռ մերժել պարոն Քոչարյանի արժանիքներն ու ծառայությունները, հատկապես պատերազմի ժամանակ, նույնպես անարդար է: Շատ ճիշտ էր, որ նախորդ օրը Ստեփանակերտում շքերթի ժամանակ նա կանգնած էր տրիբունայում: Այդ հաղթանակում նա նույնպես մեծ լումա ունի: Այ, եթե այնտեղ կանգնած լինեին ՀՀ երեք նախագահները, ես կասեի, որ որոշակի պետական մշակույթ մեզ մոտ սկսում է ձեւավորվել:

Աղանդավորական մտածելակերպը, երբ մարդուն կուրացնում են գաղափարական, կրոնական կամ քաղաքական կարգախոսներն ու կաղապարները, ծնվում է մեկ ընդհանուր արմատից՝ մտավոր եւ հոգեւոր ծուլությունից, երբ հարմար է ապրել քո փոքրիկ «միկրոաշխարհում» եւ շնչել միայն քո «եղբայրների» կամ «կուսակցական շտաբի» օդը:

Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու կա մարքսիզմ կամ նիցշեականություն, բայց չկա «միշել մոնտենականություն», ինչու կա նժդեհականություն (որի իմաստը ես, ճիշտն ասած, դեռ չեմ հասկացել), բայց չկա «հովհաննես թումանյանականություն»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031