Այսօր միասնական շտաբում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց միասնական շտաբի անունից, որ արձանագրել են՝ 2012-ի մայիսի 6-ի ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով, ԿԸՀ-ն խախտելով օրենքի պահանջները՝ չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ դրոշմակնքման պատշաճ ապահովումը: Ընտրություններին ներգրավված անձանց դիտարկումների եւ ԶԼՄ հրապարակումների հիման վրա, մայիսի 6-ի խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցման իրական պատկերը:
Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ խախտումները 3 մասի են բաժանվում այս ընտրություններում՝ ընտրացուցակները ուռճացված, ցնդող կնիքները եւ երրորդ՝ վաղ առավոտյան աննախադեպ քվեարկելը. «ԿԸՀ-ն այդ բոլորն անվանեց ուղղակի զառանցանք: Ցուցակներում տասնյակ հազարներով անուններ կային, որոնք մի տարրի փոփոխությամբ կրկնվում էին՝ կամ ծննդաթվի, կամ անվան-ազգանվան: Պողոսյան-Պաղոսյան, ես մի քանի հարյուր անուն հնչեցրել եմ: Պատասխանը եղավ, որ դա այդպես չէ, որ նմուշը պատահականություն են, չի կարող այդ վրիպումները՝ ինչպես իշխանությունները դա անվանեցին՝ տասնյակ հազարների հասնել: Ինձ ասեցին, ենթադրենք այդպես է, բայց չէ՞ որ կան կնիքներ, չի կարող Պողոսյանը Պաղոսյանի տեղը քվեարկել: Բայց խնդրեմ, դրա պատասխանը ստացանք ամսի 6-ին, երբ ցնդեցին կնիքները: Առավոտ 7.30-ին իշխանական լրատվությունը հպարտությամբ ասում էր, որ աննախադեպ հերթեր են կուտակվել»:
Ըստ Օսկանյանի, երբ այս էլեմենտները դնում ես կողք կողքի՝ ստացվում է այն արդյունքը, որը մեզ ներկայացվեց. «Ես որպես ՀՀ քաղաքացի իրավունք ունե՞մ կասկածելու, որ պետական ինչ-որ ծրագրավորում կա, թե՞ չէ, հարց եմ տալիս ձեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ