Գրող-թատերագիր Խորեն Արամունի Քեշիշեանի պատմվածքների նոր գիրքը՝ «Խաշաթաղ-Գլենդել» խորագրով հրատարակվեց Երևանում: Խորեն Արամունին մինչ այժմ հրատարակել է պատմվածքների, վեպերի և թատերգությունների տասներկու գիրք, որոնցից հինգը տպագրել է Հայաստանում: Նոր գիրքը Երևանում հրատարակվել է պետական պատվերով և ներկայացնում է մանրապատումներ հայկական առօրյա կյանքից՝ լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իրանում կամ Հայաստանում: Արամունու հերոսները մեր խայտաբղետ հասարակության տարբեր ներկայացուցիչներն են, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են հայրենի սահմաններից դուրս և հանդիպում են զանազան, հաճախ նաև ոչ-երանելի իրավիճակներում: Գրողը հմտորեն ներկայացնում է այդ իրավիճակները և դրանք համեմում է սուր երգիծանքով:
Խորեն Արամունին Հայաստանի գրողների միության անդամ է. ծնունդով Իրանից է և Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել 1980 թվականին: Նրա գրքերը հրատարակվել և թատերգությունները բեմադրվել են Լոս Անջելեսում և Երևանում: «Խաշաթաղ-Գլենդել» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 19-ին Էջմիածնում:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ