Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

Մայիս 11,2012 11:05

Մեծարգո պարոն վարչապետ

Ձեզ է գրում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, ինժեներ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու, 50 տարի Գավառի գյուղատնտեսության մեքենայացման եւ էլեկտրոֆիկացման շրջանային միավորումը ղեկավարած Վասիլ Սերգեյի Հակոբյանը:

Այն, որ վերջերես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ձեր ջանքերն ու մտահոգություններն ուղղվել են Հայաստանի գյուղատնտեսության վերականգմանն ու զարգացմանը, միայն ողջունել կարելի է: Սակայն, ցավոք, միայն տիրոջ սրտացավությամբ ու մտահոգությամբ, նույնիսկ ծանրակշիռ ներդրումների դեպքում, դժվար է փոսից դուրս հանել իսպառ կաթվածահար, հազիվհազ շնչող մեր գյուղատնտեսությունը, եթե գործն ու նպատակը չեն կառուցվում հին փորձի, առկա հողային, տեխնիկական ու մասնագիտական ռեսուրսների, իրական հնարավորությունների եւ իրատեսական ծրագրերի հիմքերի վրա: Ասեմ, որ իմ ղեկավարած ձեռնարկությունը, որն այժմ կոչվում է ՙԲարեկամություն՚ ԲԲԸ, մինչեւ 1990 թվականն ունեցել է 1470 է բանվոր եւ ծառայող, սեփականաշնորհումից հետո՝ 172 սեփականատեր: Մենք ժամանակին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի համար արտադրել ենք եռակցման էլեկտրոդներ, գյուղատնտեսական մեքենաներ եւ դրանց սարքավորումների պահեստամասեր, ռետինատեխնիկական պահեստամասեր, թթվածին եւ ազոտ՝ հիվանդանոցների եւ արհեստական սերմնավորման կայանների համար: Տարեկան մենք աշխատել ենք 40 միլիոն ռուբլի օգուտով, եղել մեր շրջանի ամենակենսունակ եւ ուժեղ արտադրական ձեռնարկություններից մեկը՝ շատ կողմերով նպաստելով Կամոյի շրջանի գյուղատնտեսության զարգացմանն ու վերելքին: Մեր ընկերությունն իր հաշվեկշռում ժամանակին ունեցել է 136 տարբեր մակնիշի բեռնատար մեքենաներ, 86 տարբեր մակնիշի թրթուրավոր եւ անիվավոր տրակտորներ, խոտհնձիչ եւ ճզմիչ ու մամլիչ կոմբայններ, որոնք անխափան օժանդակել են Կամոյի նախկին շրջանի սովխոզներին: Սեփականաշնորհումից հետո մեզ հաջողվեց պահպանել 22 բեռնատար մեքենա, 8 անիվավոր եւ թրթուրավոր տրակտոր եւ խոտհնձիչ 2 կոմբայններ, գութանները, շարքացանները, վերջապես՝ մեր արտադրամասերն ու արտադրական տարածքները: Պահպանել ենք նաեւ խոզաբուծական եւ տավարաբուծական ֆերմաները, ուր պահվում է այժմ մինչեւ 70 գլուխ խոզ եւ 260 գլուխ խոշոր տոհմային անասուններ: Ասել է, թե դեռ մենք փորձում ենք պահպանել ու զարգացնել գիտական ու կենտրոնացված մեր երբեմնի գյուղատնտեսության բեկորները: Այս պահին որոշ բարձրաստիճան պաշտոնատար եւ այլ շահագրգիռ անձինք ցանկություն են քանիցս հայտնում՝ մեր ընկերության բազայի վրա մեքենատրակտորային կայան ստեղծելու ուղղությամբ: Այդ հանրօգուտ ծրագիրը, սակայն, կյանքի կոչելու համար հարկավոր է իրականացնել մի շարք բարեփոխումներ եւ միջոցառումներ, որպեսզի, իրոք, մեզանում գյուղատնտեսությունը դառնա լրջագույն զբաղվածություն, տնտեսության գերակա ուղղություն:

Առաջին՝ խնդրահարույց է միշտ մնալու հողերի մասնատումը: Դրա արդյունքն այն է, որ մեր համայնքներում այսօր մշակվում է վարելահողերի 45-50 տոկոսը միայն: Այդ մշակվող հողերում էլ ցածր է արդյունավետությունը՝ ցանքաշրջանառության, հողի մշակության ագրոկանոնների չկիրառման եւ այլ պատճառներով: Մնացած հողերն էլ չեն մշակվում ոչ միայն հեռագնա լինելու, այլ նաեւ այն պատճառով, որ ժամանակին տրվել են հողագործությունից հեռու կանգնած մանկավարժներին, բժիշկներին, հանրային ու պետական ծառայողներին, ովքեր երկու տասնյակ տարի անց էլ չգիտեն իրենց սեփական հողի տեղերը նույնիսկ: Հիմա շատ կարեւոր քայլ կլինի հողերի միավորումն ու խոշորացումը, որի դեպքում միայն արդյունավետ աշխատանք կկատարի գյուղատնտեսական տեխնիկան: Հողերի միավորմամբ եւ մեքենատրակտորային պարկերի ստեղծմամբ հարցը կլուծվի մասամբ, բայց ոչ ամբողջապես: Որոշ շահագրգիռ մարդիկ, մեքենատրակտորային պարկ հիմնելու իրենց ծրագիրն իրականացնելու համար մեզ առաջարկում են տրամադրել նոր տրակտորներ կամ մեխանիզմներ: Մեր ինչի՞ն է դա պետք, երբ չկան դրանք աշխատեցնող մասնագետ կադրերը, որոնց պատրաստման ու վերապատրաստման ուղղությամբ էլ պետք է կատարել պահանջվող ներդրումները: Այո, ամենալուրջ խնդիրն այստեղ լինելու է աշխատուժի ապահովումը: Մինչ 1990 թվականը մեր ընկերությունում աշխատող 1470 բանվորներից, ծառայողներից ու մեխանիզատորներից այժմ այստեղ մնացել են ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ: Մնացած մասնագետները բարձր վաստակով աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, ԱՊՀ այլ երկերներում: Այդ նույն մասնագետներին այստեղ հրավիրել կամ պահել հնարավոր չէ, քանի որ նրանց վաստակն արտագնա աշխատանքում ամսական կազմում է 1500-2000 ԱՄՆ դոլար: Եվ եթե տեղում մեխանիզատորը չվաստակի գոնե 500-1000 դոլար աշխատավարձ, նրան դժվար է համոզել ու աշխատանքի շահագրգռել: Այսօր, իրավամբ, մենք կարիք ունենք խառատների, եռակցողների, ավտովարորդների, մեխանիզատորների, որոնց պատրաստման համար ոչ միայն հարկավոր է երիտասարդներին տալ մասնագիտական կրթության, այլ նաեւ սահմանել որոշակի արտոնություններ: Անգամ Մեծ հայրենականի տարիներին մեխանիզատորները բանակ չէին զորակոչվում, քանի որ նրանք դիտվում էին որպես երկրին ու ճակատին հաց հասցնող մարդիկ: Մինչդեռ այժմ ո՜չ կադրերի պատրաստման, ո՜չ էլ նրանց աշխատանքի մեջ որեւէ կարպ շահագրգռելու խնդիր է լուծվում: Ավելորդ չեմ համարում նշել նաեւ այն, որ մեզ մոտ ձմեռը տեւում է նոյեմբերից մինչեւ մայիս, Արարատյան դաշտավայրում եւ Հայաստանի այլ շրջաններում՝ երեք ամիս, սակայն գազի եւ էլեկտրաէնեգիայի սակագները՝ 132 եւ 30 դրամ, սահմանված են նույն հավասարաչափ արժեքով: Հնարավոր չէ՞ արդյոք դրանց սակագների դեպքում մեխանիզատորների եւ գյուղոլորտի աշխատողների համար զեղչեր կիրառել կամ սահմանել որոշակի փոխհատուցում:

Մեր գյուղատնտեսությանը հողի եւ մյուս միջոցների սեփականաշնորհումից առավել ուժեղ հարված հասցրեց ընտանեկան նպաստների համակարգի ներդրումը: Այդ համակարգ ընդգրկվելու համար աշխատունակ մարդիկ, հարյուրներով ու հազարներով, հրաժարվեցին սեփականաշնորհված հողերից, ծախեցին իրենց անասունները՝ ձգտելով վաստակել առանց աշխատելու, քան թե՝ աշխատանքով բերք ու բարիք ստեղծելու: հարկավոր է այնպիսի կարգ մշակել, որ աղքատության նպաստ ստանան անաշխատունակ, հաշմանդամ, օգնության ու խնամքի կարոտ, այլ ոչ թե առողջ ու աշխատունակ մարդիկ:

Պետք է նաեւ մշակել գյուղմթերքների իրացման եւ վերամշակման այնպիսի ճկուն համակարգ, որ արտադրող գյուղացին չհիասթափվի իր աշխատանքից. ինչպե՞ս չզարմանալ, երբ մեկ լիտր կաթը մեր երկրում մթերվում է 110 դրամով, իսկ մեկ հատ պաղպաղակը վաճառվում 200 դրամով: Բոլոր ուղղություններում անխտիր գործում է մի ձեռագիր, երբ արտադրող գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ունենում, քան՝ վերավաճառողը:

Վերջում ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մեր ընկերությունը 100-150 հազար ԱՄՆ դոլար ներդրում ունենալու դեպքում մասամբ կկարողանա վերադառնալ արտադրական նախկին հզորություններին, ծառայել գյուղատնտեսության զարգացման նպատակներին ու ծրագրերին, բացել նոր ու կայուն աշխատատեղեր գյուղատնտեսության մեջ, նպաստել մեր տնտեսության վերելքին ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հուսով եմ, որ Դուք հաշվի կառնեք տարիների փորձից ծնված իմ առաջարկներն ու դիտարկումները, որոնք եւ կդառնան գործնական քայլեր:

 

Հարգանքներով՝  Վասիլ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031