Սանկտ-Պետերբուրգի «ԲալթԱվտոԹրեյդ» ավտոսալոնից, որի սեփականատերերից մեկը Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավինն է, գողացել են BMW X5 մակնիշի երկու ավտոմեքենա:
Երկու տղամարդ գիշերով, պահակների համար աննկատ, մտել են սալոն, տարել մեկ ավտոմեքենա: Այնուհետեւ, մեկ ժամ էլ չանցած, վերադարձել են ու գողացել երկրորդը:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արշավինը ռուսաստանցի միակ ֆուտբոլիստը չէ, որ սեփական բիզնես ունի: Մասնավորապես, «Զենիթի» կիսապաշտպան Սերգեյ Սեմակը զբաղվում է լիմուզինների վարձույթով, Եգոր Տիտովը գեղեցկության սեփական սրահ ունի, իսկ Ալեքսանդր Կերժակովը զբաղվում է ռեստորանային բիզնեսով:
Մեկ անգամ չէ, որ նշել ենք. Հայաստանում նմանատիպ հարցերը փակված են «յոթ կողպեքով» ու ոչ-ոք տեղյակ չէ, թե մեր մարզական կուռքերը՝ մարզիկներն ու մարզաշխարհի ճանաչված ներկայացուցիչները, որքան են վաստակում ոչ միայն իրենց մասնագիտությամբ, այլեւ, ասենք, գովազդներով: Էլ չենք խոսում մասնավոր բիզնեսի մասին, թեեւ դրանում վտանգավոր ոչինչ չկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ