ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց կոալիցիա ձեւավորելու մասին լուրերը։ Նա ասաց, թե իրենք ցանկանում են գնալ համերաշխության ճանապարհով։ «Բայց դեռ պետք է քննարկել, մտածել՝ որ սկզբունքների շուրջ ինչպես համագործակցել։ Եվ հետո, քաղաքական ուժերն էլ իրենց ներսում քննարկումներ են անում, հայտարարություններով հանդես գալիս»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի հետ քննարկումները պետք է ընթանան՝ նաեւ հաշվի առնելով դեռեւս գործող կոալիցիոն հուշագիրն ու Ս. Սարգսյանին հաջորդ ընտրություններում սատարելու մասին կոալիցիոն կուսակցությունների հայտարարությունները։ Մեր հարցին՝ «Դուք ո՞ր տարբերակին եք կողմնակից՝ համագործակցություն կոալիցիայի ձեւավորմա՞մբ, թե՞ առանց դրա», նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչ թե կոալիցիա կամ որոշակի երեւույթներ, այլ խնդիրները միասնական պետք է լուծվեն։ Ոչ թե դիմություն-ընդդիմություն հարթության մեջ, այլ ճիշտ է՝ միասնական լուծվի խնդիրը։ Կարետրը՝ դերակատարումը ճիշտ լինի»։ Պարոն Սահակյանը նաեւ նշեց, թե հիմա իրենք այնպիսի դիրքերում են, որ ոչ թե պետք է առաջարկներ անեն, այլ իրենց գան, առաջարկեն։ «Այնուամենայնիվ կարծում եմ՝ քննարկումների արդյունքում որոշակի մոտեցումներ ու սկզբունքներ հնարավոր են քաղաքական դաշտում»,- ասաց նա։
Անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենք աննպատակահարմար են համարում կոալիցիա ձեւավորելը, պարոն Սահակյանը շեշտեց, թե կոալիցիա կազմվում է ոչ թե անհատների, այլ կուսակցությունների միջեւ։ «Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ում էլ ամեն ինչ հարթ ձեւով լուծվելու է. տեսակետներ կան։ Պարզապես մեզ մոտ կուսակցական կարգապահությունը շատ լուրջ է, եւ քննարկման այս փուլում մենք լսում ենք կուսակիցներին, այնուհետեւ կուսակցության համապատասխան մարմինները՝ խորհուրդը, ԳՄ-ն, իրենց որոշումը կկայացնեն։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի ժամանակից շուտ հայտարարություններ անելը»,- եզրափակեց Սահակյանը։
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»