Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համակիրը երբեք չի ների նախկին կոնգրեսականներին

Մայիս 11,2012 10:23

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

Նրանք, ովքեր կարծում են, որ ինձ գոհացրել են Կոնգրեսի քառամյա պայքարի ընթացքում արված բոլոր քայլերը, չարաչար սխալվում են։ Դժգոհել եմ, զայրացել եմ, ընկերներիս հետ վիճել եմ, գրել եմ դժգոհություններիս մասին, բայց այս տարիների ընթացքում մի ակնթարթ անգամ մտքովս չի անցել երես թեքել Կոնգրեսից։ Քաղաքական գործիչ չեմ, քաղաքական վերլուծաբան չեմ, ամենասովորական Հայաստանի քաղաքացի եմ, որը, մեղմ ասած, անտարբեր չէ այս երկրի ապագայի նկատմամբ։ Ընդամենը։ Եվ ամենասովորական Հայաստանի քաղաքացիս այս տարիների ընթացքում երկու բան եմ հասկացել՝ Հայաստանում այս հանցագործների դեմ իրապես պայքարող միակ կարող ուժը Հայ ազգային կոնգրեսն է: Ցավոք, չեմ սխալվել։ Եվ մեկ էլ մի բան եմ հասկացել, ջլատելով Կոնգրեսը՝ անուղղակի, թե ուղղակի, կամա, թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակցաբար կօգնեմ հանցագործ, պիղծ ու անբարո իշխանությանը (ինչպես թվարկածներս ու չթվարկածներս օգնեցին): Ջլատեցիք, եւ ավազակախումբն առավել լպիրշացած, մի քանի օր առաջ, «ընտրություններ» անվան տակ օրը ցերեկով ծաղրեց, նվաստացրեց ու կխճորեց միքանիհազարամյա ազգիս։

Նաեւ՝ ձե՛ր անմիջական ու եռանդուն օգնությամբ, պարոնայք ու տիկնայք նախկին կոնգրեսականներ։ Վճռականություն էիք պահանջում Կոնգրեսից, ու մեկ էլ պարզվեց՝ սրա-նրա շպրտած փշուրներով գլուխներդ յոլա տանողներ եք։ Մեկ էլ պարզվեց՝ Կոնգրեսից երես եք թեքել ընդամենը ճղճիմ պատճառով՝ ձեր թանկագին անձի հավակնությունները Կոնգրեսը չի արդարացրել։ Իսկ ես շատ մոռացկոտ չեմ, հրաշալի եմ հիշում, որ պայքարի սկզբում բոլորդ միաբերան ասում էիք, որ ոչ մեկդ շահ չեք հետապնդում։ Փորձեք փորփրել ձեր «փխրուն» հոգիները, պատասխանն այնտեղ կա. որքան էլ գեղեցիկ բառային ձեւակերպումների տակ թաքցնեք, չի ստացվի։ Մեկիդ ոտքի բութ մատն է ցավեցրել Կոնգրեսը, մյուսիդ ականջին շշնջացել են, որ քեզնից դենը Հայաստանին արժանի նախագահացու չկա, երրորդիդ դուր է եկել հանրապետական օլիգարխի մատուցած չալաղաջը, չորրորդիդ թվացել է, որ Ֆեյսբուքում քո հասցեին հնչած «կեցցե»-ներից ավելի գրգռիչ հաճույք չկա, հինգերորդիդ… Շարունակե՞մ, թերթի էջերը չեն բավականացնի։

Մատաղ արեցիք երկիրս ձեր խղճուկ հավակնություններին, ու ես՝ Հայաստանի ամենասովորական քաղաքացիս, երբեք չեմ ների ձեզ։

Հ.Գ. Սպասենք Կոնգրեսից հեռանալ պատրաստվող հաջորդ «վճռական հեղափոխականների» բոցաշունչ ելույթներին։ Համբերություն եւ կամք եմ ցանկանում մեզ. երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու։

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031