Ընդամենը երկու օրից ԿԸՀ-ն կամփոփի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ մեր երկիրը սահուն կերպով կթեւակոխի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլ։ Իսկ որ այդ անցումը ավելի քան սահուն կլինի, արդեն իսկ պարզ է՝դատելով դրան խոչընդոտող հիմնական ուժային կենտրոնների վարքագծից։ Այս ընտրություններում Սերժ Սարգսյանի հաշվարկն այնպես էր արված, որ հիմնական խաղացողներից եւ ոչ մեկին չնեղացնեին այնքան, որ այն մղվեր արմատական դաշտ։ Ստացած արդյունքներից ամենանեղացածը պետք է որ ՀՅԴ-ն լիներ, սակայն դատելով այդ ուժի կեցվածքից, Սերժ Սարգսյանը ՀՅԴ «սիրտը շահել էր» նախօրոք՝ դեռեւս Հրանտ Մարգարյանի հետ մինչընտրական հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է մնացած «նեղացածներին», ապա Կոնգրեսի մասով Ս. Սարգսյանի մտավախությունները շեշտակիորեն սկսեցին նվազել դեռեւս անցած ամռանից՝ «երկխոսություն» օպերացիայի արդյունքում, իսկ արդեն տարեվերջին՝ ՀԱԿ-ԲՀԿ ռեվերանսներից հետո, այդ մտավախություններն արդեն մոտեցան զրոյական նիշին՝ մայիսի 8-ի ՀԱԿ հանրահավաքից հետո հատելով անգամ զրոյական նիշը։ Իսկ ահա «Ժառանգության» դեպքում դեռեւս 2007-ին այս ուժի՝ խորհրդարան անցնելը շատերը կապում Էին Հանրապետականի «բարի կամքի» հետ, որը, դատելով կուսակցության անհասկանալի ընտրացուցակից, առկա էր նաեւ այս անգամ։ Ուստի, չնայած մայիսի 6-ի ընտրություններին «Ժառանգության» տված կոշտ գնահատականներին, նրա նեղացածությունն իրականում ավելի շատ ներքին խոհանոցային է՝ համամասնական ցուցակի տարբեր անդամների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ: Մնացին ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն։ Առաջինի մասով ասելու շատ բան չկա. ՕԵԿ-ը եթե նեղսրտելու առիթ ունի էլ, ապա միայն սեփական սխալ հաշվարկի՝ ընտրակաշառքի ու ակնկալիքների մասով: ԲՀԿ-ի մասով էլ, ըստ մեր տեղեկությունների, ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի մասնակցության, արդեն իսկ հաղթահարվել է «նեղացածության եռօրյա ալիքը», մայիսի 9-ին Ստեփանակեոտում գտնվող ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները բոլոր հարցերի շուրջ եկել են համաձայնության, եւ ըստ ամենայնի, առաջիկայում մենք ԲՀԿ-ականներից ավելի հաճախ կլսենք արդեն այլ՝ հաղթական շեշտադրումներով հայտարարություններ այն մասին, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն մանդատների թվով ամենամեծ առաջընթացը գրանցած ուժն է։ Եվ անկախ նրանից, թե ով ում հետ կոալիցիա կկազմի, այս ԱԺ-ում մենք կտեսնենք տարբեր քաղաքական ուժերի «չափավոր նեղացածության» դրսեւորումները, ինչը եւ բազմակարծության էֆեկտ կստեղծի ոչ միայն ՀՀ դժգոհ ընտրազանգվածի, այլ, որ առավել կարեւոր է՝ դրսի աշխարհի համար՝ դրանով իսկ ապահովելով Սերժ Սարգսյանի՝ դեպի նախագահական ընտրություններ կանաչ ու անխոչընդոտ ճանապարհը։
«Ժողովուրդ»