Հայաստանի քաղաքագետների միության նախագահ եւ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով արդեն նոր գումարման խորհրդարանում ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ համագործակցության հնարավորությանը, Aravot.am-ի հարցադրմանն ի պատասխան, այն առավել քան ռեալ համարեց. «Համենայնդեպս, ընտրական օրենսդրության արմատական բարեփոխման եւ երկրում ստեղծված ընտրական արատավոր համակարգի փոփոխության ու իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմի հաստատման ուղղությամբ համագործակցությունը, անշուշտ, պետք է ԱԺ-ում շարունակվի, որովհետեւ դրա համար լուրջ հիմքեր ստեղծվել են շտաբի շրջանակներում, որտեղ այդ ուղղությամբ համագործակցությունն արդյունավետ է եղել»:
Իսկ ահա ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ձեւավորելու վերաբերյալ էլ այսպիսի կարծիք հայտնեց. «Գտնում եմ, որ վաղուց էր պետք հրաժարվել ինքնանպատակ կոալիցիոն ձեւաչափից: Կոալիցիան, եւ դա ասվել է նաեւ շտաբի շրջանակներում տեղի ունեցած լսումների ընթացքում, երբ դրան ներկա էր նաեւ ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, պետք է բխի ընտրությունների արդյունքից, եւ պետք է արտացոլի ուժերի իրական հարաբերակցությունը: Բայց քանի որ ուժերի իրական հարաբերակցությունն այս ընտրությունների պաշտոնական արդյունքներով չարտացոլվեց եւ չի արտացոլվելու խորհրդարանում՝ ուստի կոալցիային ձեւավորումը դառնում է հերթական անգամ ինքնանպատակ, եւ ամենեւին էլ չի կարող արդյունավետ լինել՝ որպես երկրի կառավարման մեխանիզմ: Ինչ վերաբերում է կոնկրետ տարբերակներին, եւ թե քաղաքական կոնֆիգուրացիաներից ո՞ր մեկը կուրվագծվի նոր խորհրդարանում, ապա այդ մասին դատողություններ կարող ենք անել ավելի մոտ ապագայում՝ ԱԺ անդրանիկ նստաշրջանի գումարմանը»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ