Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական շտաբը դեռ մշակում է տեղամասերում արած տեսագրությունները

Մայիս 10,2012 23:29

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի՝ լրատվամիջոցների համար դռնփակ նիստ: Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց այս շտաբի նախաձեռնող, ՀՔՄ նախագահ եւ ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տեղում հանգրվանած քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա ասելով, շտաբը, որին, հիշեցնենք, մաս են կազմում ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, այսօր քննարկել եւ վաղը  լիագումար նիստ է հրավիրել, որին կմասնակցեն  շտաբի անդամներ Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ-ից, Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից եւ Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից: Ակնկալվում է, որ հենց այդ նիստում էլ շտաբի մասնակից ուժերը հանդես կգան մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների եւ դրանց արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:  Համենայնդեպս, այդպես ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Ընտրություններից երկու օր առաջ՝ մայիսի 4-ին միասնական շտաբի լիագումար նիստի ժամանակ դրա մասնակից ուժերը հայտարարել էին, թե  պայմանավորվել են 4 խնդիրների շուրջ. առաջին՝ ԲՀԿ, ՀԱԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին  հստակ ցուցում է տրվել  ընտրական տեղամասերում սերտորեն համագործակցել, ինչը, ըստ Հմայակ Հովհաննիսյանը, նշանակելու էր,  որ համարյա բոլոր ընտրատեղամասերում միասնական շտաբը կունենա 5-6 հոգի, որոնք ամեն ինչ պիտի անեին ընտրակեղծիքները կանխելու համար, երկրորդ՝ պայմանավորվել էին ստեղծել համատեղ մոբիլ խմբեր՝ խախտումների մասին աղաղակող տեղեկություններին արագ արձագանքելու  ու անմիջապես տեղերում կանխելու համար, երրորդ՝ վարել ընտրողների՝ քվեարկության եկածների միասնական ռեգիստր՝ անուն-ազգանուններ, հաշվարկ, եւ չորրորդ՝ տեսախցիկներ էին տեղադրվելու տեղամասերում, որտեղից պարբերաբար ուղիղ հեռարձակումներ էին լինելու միասնական շտաբի կայքի միջոցով:

Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք  ընտրությունների վերահսկողության թվարկված մեխանիզմները քվեարկության օրն իսկապես կիրառվեցի՞ն, եւ ինչո՞ւ տեղամասերից խոստացված ուղիղ հեռարձակումներ այդպես էլ չեղան:  «Այդ նյութերը հավաքվում են, իսկ հեռարձակում տեղի չունեցավ տեխնիկական պատճառներով: Այդ տեսախցիկները պետք է բերվեին, բայց քանի որ, ինչպես գիտեք,  տեղամասերում խոչընդոտներ էին եղել դրանց տեղադրման համար՝  հնարավորություն չտրվեց դրանք օրենքով սահմանված կարգով օգտագործել: Դա չհաջողվեց անել, բայց տեսագրություններն անհրաժեշտության դեպքում, երբ արդեն դրանք կբերվեն ու կմշակվեն՝ այստեղ կցուցադրվեն: Ամեն դեպքում դա դեռ առջեւում է, որովհետեւ  անմիջապես դա անելը տեխնիկական պատճառներով այնքան էլ հեշտ չէր, եւ մենք այսօր ուսումնասիրում ենք այդ տեսագրությունները, որոնցից շատերն արդեն հայտնվել են կայքերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դրանք կտեղադրվեն նաեւ միասնական շտաբի կայքում:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031