«Ասսորտի» խմբի երգչուհիները շատ են սիրում զվարճանալ, լավ ժամանակ անցկացնել ու հնարավորինս շատ խենթություններ անել, այդ մասին հայտնի է բոլորին: Ցանկացած միջոցառման ժամանակ, որտեղ ներկա են նրանք, ինչ-որ աննախադեպ դեպք է տեղի ունենում: Այս անգամ էլ աղջիկների հետ զվարճալի միջադեպ է պատահել Իսպանիայում, որտեղ նրանք նկարահանում էին իրենց նոր «Գերբնական գրավչություն» տեսահոլովակը: Տեսահոլովակի սցենարի համաձայն, աղջիկները դուրս են եկել փողոց ու սկսել պարել, անցորդները պարզապես նայել են նրանց ու լուռ անցել: Ժամեր անց, երբ աղջիկները վերադարձել են իրենց վարձած առանձնատուն, ոստիկանությունն է դիմավորել նրանց ու ձերբակալել ոչ միայն «Ասսորտիին», այլեւ խմբի պրոդյուսերին եւ ոճաբանին: Իրավապահները, պարզվում է, աղջիկներին շփոթել էին մարմնավաճառների, իսկ պրոդյուսերին՝ կավատի հետ: Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկաններին կանչել են հարեւանությամբ ապրող իսպանացիներն ու բողոքել երգչուհիների վարքից: Նրանք ասել են, որ աղջիկները շատ են խմում, բարձրաձայն երգում են, բղավում, պարում, սուլում: Ապացուցելու համար, որ երգչուհիներ են, աղջիկները ստիպված ոստիկանների համար խմբով մի քանի երգ են երգել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ