Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյանը Կորյուն Նահապետյանին մաղթեց չդառնալ հերթական կոճակ սեղմողը

Մայիս 10,2012 22:40

Թիվ 8 ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերից մեծ թվով անվավեր քվեաթերթիկներ են դուրս եկել,  որոնց վրա ոչ թե սովորական նշում է կատարված եղել, այլ  գրիչով 3 եւ 7 թվերն են գրված եղել: 3-ը մեծամասնական քվերաթերթիկի հանրապետական հաղթած թեկնածու Կորյուն Նահապետյանի  համարն է, իսկ 7-ը` համամասնական քվեաթերթիկի ՀՀԿ-ի թիվն է:

Քվեաթերթիկի վրա գրիչով նման «գրառումները», ըստ Aravot.am-ի զրուցակցի` այս ընտրատարածքում պարտված ՀՅԴ-ի անդամ Արթուր Եղիազարյանի, ընդամենն այն բանի արդյունքն են, որ մարդկանց պարզապես ուղղորդել են, թե ում օգտին ձայն տան. «Ասել են` կգնաք 3 եւ 7 կընտրեք, մարդիկ էլ, չիմանալով, ձեռքով  գրել են այն թիվը, որն իրենց ասել են: Սա ցույց է տալիս, որ մարդկանց ուղղորդել են»:

Պարոն Եղիազարյանի կարծիքով, նրանում, որ ժողովուրդն ուղղորդվել է, մեղավոր են նաեւ ընդդիմադիր գործիչները. «Նրանք ժողովրդին խրատ էին տալիս, ասում` մի վերցրեք, կամ վերցրեք, բայց ձեր խղճով քվեարկեք, կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ: 10 մարդկանցից 8-ը`այդպես չարեց»:

Չնայած, Արթուր Եղիազարյանը պարտվել է, սակայն իր ընտրապայքարը հաջողված է համարում. «Հաջողված եմ ինձ համար համարում ոչ թե արդյունքների առումով, այլ հավաքած ձայների: Ես հրապարակային անձ չեմ եղել, եւ դրանով հանդերձ 6500 ձայն եմ հավաքել: Մարդկանց որոշակի մասն ինձ ճանաչում է, բայց ոչ այնպես, ինչպես Կորյունին, որը Սամվել Ալեքսանյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է. նա շատ արագ աշխատացրեց այդ տեխնոլոգիան: Իշխող կուսակցության աշխատող այդ մեքենան ազդեց նաեւ մեծամասնականի արդյունքների վրա, պայքարն առողջ չէր»:

Իսկ հաղթած թեկնածուին, որը նաեւ գործող պատգամավոր էր, պարոն Եղիազարյանը հաջողություն մաղթեց. «Կուզեմ նրա աշխատանքը օգուտ բերի համայնքի համար: Բայց հետեւել եմ ու տեսել, որ նա, օրինակ, դեմ է արտահայտվել «Կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին» օրինագծին… այսինքն, կարող է այդպես չի մտածում, բայց իր կուսակցությունը` ՀՀԿ-ն, եթե  որոշել է դեմ քվեարկել, ինքը դառնում է հերթական կոճակ սեղմողը: Հուսամ 5 տարում մի քիչ ողջամտություն կցուցաբերի, օգտակար աշխատանքով կզբաղվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031