Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խ. Հարությունյանը՝ ԲՀԿ-ին. «Ոնց որ ասում են՝ и хочется и колется, այդպես չի կարելի, գիտեք, կոռեկտ չէ» (Տեսանյութ)

Մայիս 10,2012 21:21

Հանրապետական կուսակցությունը որոշ ընտրատարածքներում պաշտպանեց մեծամասնական ընտրակարգոով առաջադրված ԲՀԿ-ի թեկնածուներին, այլ ոչ թե ՕԵԿ-ին: Օրինակ, ՀՀԿ-ի պաշտպանությունը թիվ 11 ընտրատարածքում չստացավ Հեղինե Բիշարյանը : Aravot.am-ն այս առնչությամբ ՀՀԿ համամասնական ցուցակով մանդատ ստացած Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է դա պայմանավորված: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ դա բացատրվում է կոալիցիոն գործընկերների նախնական պայմանավորվածությամբ. «Ես համոզված եմ՝ կոալիցիոն գործընկերները նախնական պայմանավորվածություն են ունեցել, թե որ ընտրատարածքում  որ կուսակցության մեծամասնական թեկնածուին են պաշտպանելու: Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել, որ Հանրապետական կուսակցությունն անհամեմատ ավելի ուշադիր է կոալիցիոն գործընկերների նկատմամբ, ՀՀԿ-ն անհամեմատ ավելի ուշիմ եւ զգույշ է քաղաքական առումով, քան կոալիցիոն գործընկերները՝ ՀՀԿ-ի նկատմամբ»:

Մեր դիտարկմանը, որ ընտրություններին կոալիցիան գոյություն չուներ, հայտարարեցին, որ գնում են առանձին՝ պարոն Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, գնում են առանձին, բայց այդ առանձին գնալու ճանապարհին դափնիները վերցնում են իրենց, բայց վատի համար փորձում են ընդհանրապես որեւէ պատասխանատվություն չստանձնել, համաձայնեք, որ դա առնվազն տարօրինակ է: Թեպետ հանրությունը շատ լավ հասկանում է, թե ով ով է եւ ինչ արժե, նրա քաղաքական կշիռը նկատի ունեմ»:

Մեր հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այնուամենայնիվ հաջողվեց իր նոյեմբերի 25-ի հանրահավաքից սկսած սեպ խրել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունն էր. «Նա, ընդհանուր տենդենցները զգալով, փորձում էր այդ տենդենցներին նոր բովանդակություն եւ որակ հաղորդել: Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն վաղուց մտմտում էր սեփական, ինչու չէ նաեւ ինքնուրույն  քաղաքական պատասխանատու դերակատարում ստանձնելու մասին: Եվ այստեղ ոչ մի պախարակելի բան չկա: Ուղղակի այդ բանը պետք է արվեր կոռեկտ, քաղաքական կոռեկտության սահմաններում եւ չստվերելով գոնե համատեղ աշխատանքը»:

Մենք փորձեցինք ճշտել ո՞ր մասում է, որ ԲՀԿ-ն իրեն ոչ կոռեկտ է պահել՝ նա հստակեցրեց, որ նկատի ունի ԲՀԿ-ի կողմից կառավարության գործունեության մասին հնչեցված թերությունները. «Սա ուղղակի կոռեկտ չէր: Վերջիվերջո համաձայնեք, որ շատ պարզ մեխանիզմներ գոյություն ունի. դուք այդ կառավարությունում ներկայացված եք 3-4 նախարարով: Եթե դուք սկզբունքորեն դեմ էիք կառավարության գլխավոր գծին, ձեր նախարարները վաղուց հնարավորություն ունեին հրաժարական տալու: Այդպես չի կարելի, գիտեք: Ոնց որ ասում են՝  и хочется и колется, այդպես չի լինում: Ստանձնեք պատասխանատվությունը ե՛ւ լավի, ե՛ւ վատի, կամ  գոնե այդ մասին եկեք համեստորեն լռեք»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, ԲՀԿ-ի լիդերի քաղաքական վարքագիծն էականորեն տարբերվում է նրա թիմի առանձին անդամների վարքագծից. «Լիդերն ավելի պատասխանատու է իրեն զգում, ավելի ուշադիր է իր կոալիցիոն գործընկերների նկատմամբ, ավելի զգոն, քան կուսակցության մյուս անդամները»: Մեր հարցին՝ Դուք կարծում եք Վարդան Օսկանյանը, Հմայակ Հովհաննիսյանը սեփական նախաձեռնությա՞մբ են այդ ամենն անում, նա պատասխանեց, որ իր համար այդ ամենի մեջ տարօրինակ բաներ շատ կան. «Երբ որ երկրորդ համարը հայտարարություն է անում, որակում կառավարության գործունեությունը՝ ըստ էության այն համարելով ձախողված, եւ մնացյալը, որոնք եղել են այդ կառավարության կազմում, այդ մասին չեն խոսում, սկսում ես մտածել, որ ինչ-որ երկակի ստանդարտներ են ձեւակերպվել, փորձում են այդ կերպ անհրաժեշտության դեպքում խուսանավել պատասխանատվությունից: Այս ամենը շահեկան վիճակի մեջ չէր դնում ԲՀԿ-ին: Թեպետ ԲՀԿ-ն այս ընտրություններին կրկնակի իր դիրքերն ուժեղացրեց, ավելացրեց, բայց վերլուծաբանները փաստում են, որ դա արվեց իրականում օպոզիցիոն ընտրազանգվածի հաշվին: Այսինքն, ըստ էության, երեւի թե Դաշնակցության ընտրազանգվածը գնաց «Բարգավաճին», ՀԱԿ-ի ընտրազանգվածը գնաց: Այսինքն միասնական շտաբի մեջ ընդգրկվածների ընտրազանգվածն աշխատեց ԲՀԿ-ի համար: Արեց՝ լավ արեց, դա իր խնդիրն էր»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, ԲՀԿ-ն լավ կլինի վերլուծի իր նախընտրական մրցարշավը եւ գոնե իր համար որոշ եզրակացություններ անի՝ իր քաղաքական որակի հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031