Հին Հունաստանի Հերա աստվածուհու տաճարում հատուկ խոշորացույցի օգնությամբ վառված օլիմպիական կրակը ուղղություն վերցրեց դեպի Լոնդոն:
Ի տարբերություն նախորդների, այս անգամ կրակի երթուղին սահմանափակվելու է Հունաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի տարածքներով: Արարողության կազմակերպիչները այդ քայլին գնացել են այն պատճառով, որ համաշխարհային շրջագայության համար մեծ գումարներ են պահանջվում, ինչը կարելի է խնայել եւ երկրորդ, կարող է վտանգվել կրակի անվտանգ ճանապարհորդության ապահովումը:
Մարզասերները լավ են հիշում, թեկուզ Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, օլիմպիական կրակի հետ կապված սկանդալները, երբ միայն Տիբեթում գրեթե ամեն օր դրա վրա բազմաթիվ հարձակումներ էին լինում: Այդ պատճառով էլ ՄՕԿ-ը որոշել է խաղերն ընդունող երկրներին խորհուրդ տալ` սահմանափակվել ազգային երթուղիներով: Միջազգային մամուլը նշում է, որ օլիմպիական կրակի վառման այս արարողությունը կարող է նույնիսկ վերջիններից մեկը լինել՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք հաջորդ ամառային օլիմպիական խաղերից առաջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ