Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ աղջիկները գեղեցիկ են ու բարեհամբույր, իսկ տղաները՝ նախանձ». հնդիկ ուսանողի արկածները երևանյան կյանքի ռիթմերով

Մայիս 10,2012 17:14

Բժիշկների ընտանիքում մեծացած 21-ամյա հնդիկ Ռոհիթ Չոդրին արդեն 4 տարի է` ապրում է Երևանում, սովորում է բժշկություն, զբաղվում դիջեյությամբ, սիրում է հայկական ավանդական ուտեստներ, գնահատում հայ աղջիկների գեղեցկությունն ու զմայլվում Երևանով երեկոյան զբոսանքներին:

Ռոհիթն ապրում է եղբոր հետ, և նրանք երկուսն էլ սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում: Աղմկոտ, բազմամարդ ու, ըստ Ռոհիթի, վտանգավորության աստիճանի երթևեկության կանոններին չենթարկվող Դելիից հետո, որտեղ նա ծնվել ու ապրել է, Երևանը փոքրիկ, հանգիստ քաղաք է թվում:

«Այստեղ մարդիկ սիրալիր են օտարերկրացիների հետ ու փորձում են ամեն ինչում օգնել: Երևանում ազատություն կա ու հանգստություն՝ ի տարբերություն Դելիի: Այստեղ երեկոյան կարող ես հանգիստ զբոսնել, ինչը շատ վտանգավոր է հատկապես աղջիկների համար Հնդկաստանում»,- ասում է Ռոհիթը:

Հայերը, ըստ նրա, ամենաազնիվ մարդիկ են աշխարհում: «Սկզբում, երբ հայերեն դեռ չգիտեի, տաքսու վարորդներն անգամ չէին խաբում ինձ ու վերցնում էին այնքան, որքան քշել են: Իսկ Հնդկաստանում այդպես չէ, արտասահմանցիներին շատ են խաբում, օրինակ՝ 1000 դրամի փոխարեն կվերցնեն 2000 դրամ»:

Նա նշում է, որ Հնդկաստանում բժշկական կրթություն ստանալը 2-3 անգամ թանկ է Հայաստանի կրթական համակարգից (3500 դոլար տարեկան): Բացի այդ, դիմորդները շատ են, տեղերը` սահմանափակ:

«Ես ստոմատոլոգիա բաժնի համար անվճար ընդունվել էի Հնդկաստանում, բայց քանի որ ուզում էի բուժֆակում սովորել, դիմեցի Հայաստանի բժշկական համալսարան, որտեղ եղբայրս արդեն սովորում էր, և ես շատ էի լսել Հայաստանի մասին»,- նշում է նա:

Հայերեն գրել-կարդալ սովորել է համալսարանի 1-ին կուրսում: Այժմ սովորում է 4-րդ կուրսում և բոլորի հետ հաղորդակցվում է հայերենով:

«Հայերենը շատ նուրբ լեզու է և ինձ դուր է գալիս, իսկ հնդկերենն այդպիսին չէ: Դուք ունեք արտահայտություններ, օրինակ՝ «ցավդ տանեմ», «մեռնեմ քեզ», որ մենք չունենք, կամ` մարդուն տեսնելիս ասում եք բարև, որը նույնպես հնդկերենում չկա»,-ասում է Ռոհիթը և ժպտալով հավելում, թե շատ ուրախ է, որ կարողանում է հայերեն խոսել:

Փայլուն, կլոր աչքերով, պարանոցին մետաղյա վզնոցներ գցած, գրեթե միշտ ուսապարկով շրջող սևամորթ Ռոհիթը նաև հայ ընկերուհի ունի, ով նույնպես սովորում է բժշկական համալսարանում: Նրանք ծանոթացել են երկու տարի առաջ և, չնայած հայկական միջավայրի որոշ բացասական վերաբերմունքին, շատ ներդաշնակ են զգում:

Լիլիթ Գևորգյանը (Ռոհիթի ընկերուհին) նշում է, որ դրսում զբոսնելիս որոշ հայ երիտասարդներից բացասական արձագանքներ են լինում, կամ ընկերներ ունի, ովքեր լավ չեն դիտում Ռոհիթի հետ նրա ընկերությունը:

«Բայց ծնողներս և ընկերներիցս շատերը սովորական են նայում մեր հարաբերություններին ու լիովին հասկանում են ինձ: Ռոհիթի հետ ընկերությունն ինձ տվել է ինքնավստահություն, ազատություն որոշ առումներով ու նոր աշխարհայացք»,- ասում է 20-ամյա Լիլիթը ու ժպտուն աչքերով նայում Ռոհիթին:

Ազգային ավանդույթների, սովորությունների ու մշակութային տարբերությունները, որ քիչ թե շատ կան երկուսի մեջ, ըստ Ռոհիթի, ամենևին չեն խանգարում իրենց հարաբերություններին:

«Հայ աղջիկները շատ գեղեցիկ են, բարեհամբույր ու միշտ օգնում են արտասահմանցիներին: Իսկ հայ տղաները նախանձ են, նրանց հետ միշտ խնդիրներ են լինում,- ասում է Ռոհիթ Չոդրին: – Նրանք միշտ քննադատաբար են արտահայտվում իմ մազերի, կարճ տաբատի, ընդհանուր հագուկապի վրա, կամ որ տեսնում են` հայ աղջիկներն ինձ հետ ինչքան ջերմ են, նախանձում են»:

Նա նշում է, որ ուսանելու առաջին տարիներին նույնիսկ վեճեր, կռիվներ են եղել հայ տղաների հետ: «Եթե ընկերուհուս հետ քայլում եմ փողոցում, 10 տղայից 3-ը հաստատ ինչ-որ բացասական կերպով կարտահայտվի, բայց երբ ես նրանց հայերեն եմ պատասխանում, այլևս ձայն չեն հանում»,- ասում է նա:

Ռոհիթը շատ է սիրում զբոսնել Երևանի փողոցներով: Դասերից հետո որոշ ժամանակ մնում է նաև համալսարանի բակում, որտեղ, ըստ նրա, մթնոլորտը շատ դրական է: Երևանյան փաբերից ու ակումբներից բացի, նրա ամենասիրած վայրը «Կարմա» հնդկական խոհանոցի ռեստորանն է:

«Սկզբում ճաշերի խնդիր ունեի, սովոր էի մեր հնդկական կերակրատեսակներին և առաջին երկու ամիսներին հայկական ոչինչ չէի ուտում: Այդ ժամանակ առաջին անգամ սկսեցի տանը ինքս պատրաստել հնդկական կերակրատեսակներ՝ կծու կարտոֆիլ, կծու պանիր, բտրչքն, որը պատրաստում են կարագով ու հավով: Մեր ազգային ուտեստները հիմնականում կծու են, ու շատ համեմունքներ ենք օգտագործում,- ասում է նա: – Այժմ նաև հայկական կերակուրներ եմ ուտում ու շատ եմ սիրում հարիսա, սպաս, խորոված, պասուց տոլմա»:

Ամեն տարի հոկտեմբերին Հայաստանի բոլոր հնդիկները հավաքվում են մեկտեղ` նշելու իրենց ամենամեծ ու հայտնի` Դիվալիի տոնը, որը լույսի տոն է: Այդ օրը նշում են մեծ շուքով, պատրաստում են իրենց ավանդական ուտեստներից ու պարում ազգային պարեր: Բոլոր տոներին ու հավաքույթներին Ռոհիթը ռեփ է կարդում:

«Ես ռեփ գրում եմ 14 տարեկանից ու շատ եմ սիրում կարդալ: Հաճախ կարդում եմ նաև հայտնի ռեփերների՝ Eminem-ի, Akon-ի երգերից: Արդեն 3 ամիս է` խորացված դիջեյություն եմ նաև սովորում իմ հայ ընկերներից մեկի շնորհիվ, ով դիջեյ է: Մեկ անգամ նվագել եմ «Ջրաշխարհում»` փարթիի ժամանակ»:

Ամռան արձակուրդին Ռոհիթը միշտ մեկնում է Դելի: Նա նշում է, որ ամենաշատը կարոտում է հնդկական ուտեստները:

«Այս տարի ավարտելուց հետո կդիմեմ Երևանի բժշկական համալսարանի մագիստրատուրա, իսկ հետագայում ցանկություն ունեմ մեկնելու այլ երկիր աշխատանքի համար, չեմ ուզում վերադառնալ Հնդկաստան և այնտեղ աշխատել, թեև բժիշկների անհրաժեշտությունը մեզանում շատ է, քանի որ քիչ են այդ մասնագիտությամբ մարդիկ»,- ասում է Ռոհիթ Չոդրին:

Իսկ Հայաստանը նրա համար դեռ նոր բացահայտումների ու արկածների երկիր է: Շրջագայելով Հայաստանի տեսարժան վայրերում՝ Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում, առաջիկայում ցանություն ունի տեսնելու նաև Գյումրին և մյուս հայտնի պատմամշակութային վայրերը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

Medialab.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031