Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Խորան» աղանդը «վերբովկայով» է զբաղված (Տեսանյութ)

Մայիս 10,2012 16:41

«Ազդակ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Կարապետ Կարապետյանը, «Միացյալ երիտասարդական լիգայի»  նախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր նախագահ, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը: Բանախոսները խոսեցին «Խորան» կոչվող աղանդի գործունեությունից եւ մեր երկրում դրա վտանգավոր ազդեցությունից: Տեր Կարապետը նշեց, որ առհասարակ, աղանդների ներկայությունը մտահոգիչ է՝ ելնելով Հայաստանի փոքր պետություն լինելու եւ քիչ բնակչություն ունենալու հանգամանքից. «Չէ՞ որ յուրաքանչյուր աղանդ միտված է ջլատել մեր պետությունը եւ քայքայել ժողովրդին: Ես օրենսդիրներին կոչ կանեի վերանայել կրոնական կառույցների մասին օրենքը եւ սահմանափակել դրանց գործունեությունը»: Քահանայի խոսքով՝ ինչքան շատ ենք խոսում աղանդներից, այնքան շատ ենք նրանց քարոզում. «Գերադասելի է խոսելու փոխարեն եկեղեցու կյանքին մասնակից լինել. Աղանդը նման է կեղծ դրամին: Խնդիրն այն է, թե մենք որքանով ենք առաքելական»:

Ա. Ամարյանի ասելով,  «Խորանը» կազմավորվել է Իսպանիայի հայ համայնքի կողմից՝ 2004թ-ին, իսկ 2009-ին՝ ՀՀ-ում գաղտնի գրանցվել որպես կրոնական կառույց, այն պատկանում է խարիզմատիկ եկեղեցու գաղափարախոսությանը. «Համարում է, որ ինքն է միակ ճշմարիտ եկեղեցին, մնացածները սուտ են՝ այդ թվում եւ Հայ առաքելականը: Գործունեության նպատակը փողն է եւ իշխանությունը: Անդամներին ենթարկում են «վերբովկայի»՝ ինչը նման է հոգեորսությանը. կախվածության մեջ են գցում եւ ստիպում անգիտակցաբար անել այն, ինչ իրենք են ուզում»,-հայտնեց Ամարյանը եւ հավելեց, որ 2-7 տարի է պահանջվում՝ տուժածին զոմբիացված վիճակից հանելու համար: Փորձագետը տեղեկացրեց նաեւ, որ «Խորանի» անդամները Վալենսիայում զբաղվում են գողությամբ՝ անհայտ ծագման ապրանքները բարեգործության անվան տակ ուղարկում Հայաստան:

Սեւակ Հովհանիսյանին վերջերս զանգահարել էր «Խորանի» առաջնորդի՝ Հրաչյա Խաչատրյանի կինը եւ ուրախությամբ ակնարկել իրենց տեսահոլովակների բարձր դիտելիության մասին. «Մեր բողոքի ցույցից հետո ինձ սպառնացել են, թե մեղմ ասած, ինձ մայրուղի կհանեն, կաշառք են առաջարկել: Ցույցից հետո արտգործ նախարարությունից արձագանք չկա, բացի այդ՝ բաց նամակ էինք հղել ոստիկանապետին, որից նույնպես պատասխան չեղավ»,-ասաց Սեւակը եւ հայտարարեց, թե  «Խորանի» անդամ Ռուդիկ Հարությունյանն, օրինակ, ոսկու շուկայում վաճառում է Վալենսիայի անդամներից խաբեությամբ վերցրած ոսկին:

Իսկ հոգեբանի խոսքով՝ աղանդների առաջնորդները կիրառում են հոգեւորսության մեթոդներ՝ թաքնված հիպնոսի եւ մանիպուլյացիայի ենթարկում զոհին. «Կայուն  հոգեկան աշխարհ եւ սկզբունքներ ունեցող մարդը չի դառնա աղանդավոր: Նման քայլի են դիմում ընտանեկան, սոցիալական եւ հոգեբանական խնդիրներ ունեցողները: Ծնողի խնդիրն է՝ կապ պահպանել երեխայի հետ, որովհետեւ, ո՞վ կհրաժարվի օգնությունից, երբ գալիս են, դուռդ ծեծում եւ ասում՝ ես քո փրկիչն եմ»:.-ասաց Լ. Ադիբեկյանը: Նա հավելեց, որ ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝  մարդկանց 30 տոկոսը դեմ չէ քրիստոնեական աղանդներին, այլ աղանդներին դեմ է 6 տոկոսը, իսկ 64 տոկոսը թքած ունի խնդրի վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031