Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Բարգավաճում» էլ կան տականքներ, ո՞վ է ասում չկան»

Մայիս 10,2012 16:39

Ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից էլ ընտրակաշառքներ բաժանեցին, ընդ որում, նույնիսկ այն ընտրատարածքներում, որտեղ ՀԱԿ-ը թեկնածու ուներ: Այսինքն` ԲՀԿ-ի ընտրակաշառքը նաեւ ՀԱԿ-ի դեմ էր: Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. «Հա ի՞նչ անենք, «Բարգավաճում» էլ կան տականքներ, ո՞վ է ասում չկան»: Մեր դիտարկմանը, որ դա այն նույն «Բարգավաճն» է, որի հետ ՀԱԿ-ը միասնական շտաբում պայքարում էր ընտրակեղծիքների դեմ` պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Հա, հնարավոր է, ասում եմ` ամեն կուսակցության մեջ էլ տականքներ, կարիերիստներ կան, ոչ մեկը բան չի անում, թող հենա, բռնել են` թող ստուգեն ու պատժեն»: Մեր հարցին` ՀԱԿ-ը ո՞նց է ընտրակաշառք բաժանող կուսակցության հետ ճանապարհ ընկնում` նա պատասխանեց. «ՀԱԿ-ը բոլորին էլ վստահում է, բացի Հանրապետական կուսակցությունից ու «Օրինաց երկրից», բայց, էլի եմ ասում, տականքներ լինում են բոլորի մեջ, այդ թվում` «Բարգավաճի», բայց դա տարածել ողջ կուսակցության վրա չի կարելի»:

Մենք փորձեցինք ճշտել` ԲՀԿ-ի հետ կապված որեւէ մտավախություներ չունե՞ք, որ խաղում է մեկ ընդդիմության, մեկ կոալիցիոն դաշտում եւ եթե այնուամենայնիվ, ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ձեզ ո՞նց կզգաք` Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ անեն` իրենց համար կանեն: Ժողովուրդը գնահատում է դա: Եղան, չէ՞, մարդիկ, որ ճամբար փոխեցին, տեսա՞ք ժողովուրդը ոնց գնահատեց»:

Ինչ վերաբերում է ընտրություններին, Ֆ. Խաչատրյանն այսպիսի որակում տվեց. «Այսպիսի խայտառակ ընտրություններ երբեք չի եղել, ավելի վատն էր, քան նախորդ ընտրությունները: Իրենց հաշվով ավելի քաղաքակիրթ է այս ընտրությունները, այսինքն` փողը, ժողովրդին կաշառելը, ստորացնելը համարում են քաղաքակիրթ»:

Մեր հարցին` դուք անձամբ որեւէ խախտում արձանագրե՞լ եք` նա պատասխանեց, որ չի եղել ընտրատեղամասերում, բայց շատ զանգեր է ստացել. «Մարդիկ լուսամուտի մոտից կանգնած նայել են ու տեսել, թե ինչպես են «գազելներով» փողը բաժանում: Իսկ այդ դրոշմակնիքները նախօրոք սարքված գործ էր: Հրազդանի ընտրությունների ժամանակ ասացին՝ չի կարելի կնքել, իսկ հիմա պատրաստեցին այդ կնիքները, մարդկանց դրեցին կարուսելի տակ»:

Միջազգային դիտորդների գնահատականի առնչությամբ, որ կարելի էր թանաքը ընդամենը թափ տալ ու օգտագործել` Ֆելիքս Խաչատրյանն ասաց` «Եվրոպացին ի՞նչ է հասկանում սրանց ավազակությունից, ամբողջ Ջավախքն այստեղ քվեարկել է, եվրոպացին ի՞նչ անի: Գալիս են անձնագրով, նայում են գրանցումը կա` քվեարկում են, վստահված անձը կամ դիտորդն ի՞նչ անի, ի՞նչ իմանա` այդ մարդը որտեղի՞ց է իրականում եկել ու ոնց է ավելացել ընտրացուցակում: Պետական մասշտաբի հանցագործություն է»:

Նա համաձայն է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան` սակայն դրա հետ հույս չի կապում. «Սահմանադրական դատարանը սովորական, իշխանությունների ցանկությունը դակող դատարան է դարձել, չի կարող հակառակ գնա իշխանություններին, ո՞նց կարա, էնքան բանի մեջ է թաղվել, ոնց դեմ կգնա իշխանությանը: Իսկ Եվրոդատարան հասնելը երկար ճանապարհ է»:

Մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանից, սակայն նա այդ մասին չցանկացավ խոսել` ասելով, որ ընդհանրապես ներքաղաքական կյանքի հետ կապված չի ուզում որեւէ բան ասել. «Եթե արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր ունենաք` խնդրեմ, բայց ներքինի վերաբերյալ առայժմ որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031