«Սիվիլիթասը» այսօր կազմակերպել էր իր հերթական «Ընտրամարտը», որին հրավիրված էին ԱԺ ընտրություններին մասնակցող եւ ԱԺ անցած վեց կուսակցությունները` ընտրությունների ընթացքը եւ արդյունքները վերլուծելու մտադրությամբ: Սակայն կուսակցությունները հրաժարվել էին մասնակցելուց, եւ դա «Ընտրամարտի» վարողը վերագրեց կուսակցությունների կողմից «լռության րոպեի, օրերի, շաբաթվա կամ շաբաթների» որդեգրմամբ:
Փոխարենը ներկա էին ընտրություններին դիտորդների կարգավիճակով մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` Մարիա Թիթիզյանը` «Հրայր Մարուխյան» կազմակերպությունից, Նաիրա Առաքելյանը` «Արմավիրի զարգացման կենտրոնից» եւ Վարուժան Հոկտանյանը` «Թրանսպերենսի ինտերնեյշընլից»:
Մարիա Թիթիզյանը նկատեց, որ այն երկրներում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները կայացած են, քաղաքացիները պահանջում են, որ իրենց իրավունքները իրացվեն, իսկ չկայացած ժողովրդավարական ինստիտուտներով երկրներում քաղաքացիները խնդրում, աղաչում են իրենց իրավունքների իրականացման համար: Եվ երբ նրանք դժգոհ են լինում իրենց իրավունքների իրականացման մակարդակից, պատժում են վատ կառավարող ուժերին` նրանց դեմ քվեարկելով, եւ հակառակը` Հայաստանի նման տեղերում քաղաքացիները պատժվում են քաղաքական ուժերի կողմից, որոնք վատ են ղեկավարել եւ շարունակում են ղեկավարել:
Մարիա Թիթիզյանն ասաց, որ տասնմեկ տարի շարունակ ապրելով Հայաստանում եւ մասնակիցը լինելով հայաստանյան կյանքին, այսօր ուղղակի չգիտե, թե ինչպես կարելի է փոխել ինչ-որ բան. «Ինչո՞ւ է մեր ժողովուրդը պատրաստ քվեն վաճառելու: Ընտանիքում հինգ քվեարկողի համար հարյուր հազար վերցնում է եւ մտածում է` ով ուզում է լինի թագավորը… Մեր հասարակության անտարբերությունը, ցինիզմը, հավատի բացակայությունը իշխանության նկատմամբ եւ իր հավատը, որ ոչինչ չի փոխվելու, բերեց նրան, որ ընտրությունը վերածվեց առեւտրի: Ես Մասիս քաղաքում ամբողջ օրը շրջում էի տարբեր ընտրատեղամասերով, բոլորի առաջ կուտակումներ կային, դրոշակներով, մարդիկ հավաքված էին, անձնագիր էին տալիս-ընդունում… Ի՞նչ անել` եթե մարդը պատրաստ է իր թոռան ապագան վաճառի»:
Վարողի հարցին` ի՞նչ եք կարծում որեւէ բան կփոխեն այդ բարոյախրատական կոչերը` ձեր թոռների ապագան եք վաճառում, եւ այլն…, տիկին Թիթիզյանը պատասխանեց. «Տասնմեկ տարի է, մտածում եմ ինչ անել, որ փոխենք վիճակը, բայց ստացվում է, որ իշխանական էլիտային պետք չի բան փոխելը, իրեն հարմար է, որ ամեն ինչ մնա, ինչպես կա, քաղաքացիական հասարակությունը չի կարողանում ոչինչ փոխել, քաղաքական կուսակցությունները եւս ոչինչ չեն կարողանում անել, եւ ես չգիտեմ, թե ինչպե՞ս է հնարավոր որեւէ բան փոխելը…»: Ավելի ուշ նմանատիպ հարցի պատասխանելով, տիկին Թիթիզյանն ասաց` «եթե ես այդ հարցի պատասխանն ունենայի, ես երեւի հանրապետության նախագահ կդառնայի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ