«Թրանսփերենսի ինտերնեյշընլ» կազմակերպության ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանն այսօր «Սիվիլիթասի» կազմակերպած «Ընտրամարտի» ժամանակ, վարողի հարցին` «կա՞ր արդյոք վախի մթնոլորտ ընտրություններում», ի պատասխան ասաց. «Վախի մթնոլորտի մասին խոսելիս պետք է տարբերակենք երկու տեսակի վախ` ինստիտուցիոնալ, երբ վախենում են աշխատանք կորցնելուց, սա ավելի խորը վախ է, քան այն վախը, երբ մարդուն կոնկրետ ասում են` եթե այսպես չքվեարկես, քեզ աշխատանքից կհանենք»: Նա բերեց ԱԳՆ-ի մեկ աշխատակցի օրինակ, որը բարձրաձայն մտածել է. «Եթե չքվեարկեմ ՀՀԿ օգտին, ես ոչ մի երաշխիք չունեմ, որ վաղը, եթե իշխանության գա ԲՀԿ-ն, կամ մեկ այլ կուսակցություն, ապա ԲՀԿ-ի կողմից նշանակված նախարարները ինձ չեն կանչի եւ ասի` դիմում գրի»: Ըստ պարոն Հոկտանյանի` հենց այս չկայացածությունը, որ ասում են` երբ ես գամ, իմ պաշտոնյաներին կբերեմ, դա ավելի խորն է եւ ավելի վատ ազդեցություն ունի, քանի որ այդ պարագայում մարդը իր ապագան ավելի է կարեւորում, քան` երկրի ապագան, եւ մտածում է` ինչ ուզում է լինի, կարեւորը` ես աշխատանքս չեմ կորցնի:
Պարոն Հոկտանյանը նաեւ ճշտեց, որ չի լսել որեւէ մեկի մասին, որ չի ցանկացել վերցնի ընտրակաշառք եւ նրան վախեցրել են, թե` պետք է վերցնես եւ անպայման ընտրես, թե չէ…»:
Պարոն Հոկտանյանը նկատեց, որ վախի մթնոլորտ ասվածը նաեւ մեր հասարակության փչացածության արդյունք է, քանի որ բանը հասել էր նրան, որ մարդիկ մի քանի տեղից էին փող վերցնում` բոլորին խոստանալով, որ կընտրեն իրենց: Եվ փող տվողը` իր տված գումարով իր գնած «ապրանքը»` քվեն, ստանալու համար, պարտավոր էր մշակել մեխանիզմներ, որպեսզի բացառեր «գցվելը» եւ դա բոլորին «վախի» մթնոլորտ էր թվում:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ