«Պրոցեդուրալ առումով ընտրությունները գրեթե մոտ էին իդեալականին, ինչը ֆիքսեցին նաեւ դիտորդները: Բայց ինչպես հայտնի ասացվածքում է՝ այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով, այս ընտրություններն այսպես է բնութագրվում», – այս կարծիքին է քաղաքագետ Կարեն Քոչարյանը, ըստ որի՝ նոր խորհրդարանում կոալիցիան կմնա նույնը, կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը: «Ես չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությումբ կարող է դառնալ ընդդիմություն»,- ասում է Քոչարյանն ու շեշտում, որ առաջիկայում պորտֆելների շուրջ իշխանական «բազար» է գալու:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում, օրինակ՝ ՕԵԿ-ի հավաքած ձայներին, քաղաքագետը գտնում է, որ ՕԵԿ-ը պետք է ուրախությունից չիմանա, թե ինչ անել, քանի որ նրանց խորհրդարանում հայտնվելը անակնկալ էր:
Րաֆֆի Հովհաննիսյանի վարած ռազմավարության հետ կապված էլ Քոչարյանն ասաց. «Ժառանգությունը» դեռեւս 5 տարի առաջ անցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզմայով, կուսակցության անդամներից Լարիսա Ալավերդյանից բացի, մնացածին ոչ մեկը չէր ճանաչում: Համոզված եմ, որ «Ազատ դեմոկրատները» կազմակերպչական լուրջ բազա ստեղծեցին «Ժառանգության» համար, ու չպետք է մոռանալ, որ «Ազատ դեմոկրատներում» են 2008 թվականի Լեւոն Տեր- Պետրոսյանի 10 շտաբի պետերից 8-ը:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ՝ վերջին 4 տարվա մեջ շատ բաներ փոխվեցին, օրինակ՝ ՀԱԿ-ը ունեցավ պիկեր: Բայց յուրաքանչյուր քաղաքական ուժի ռեյտինգում սինուսոիդ է լինում: ՕԵԿ-ը մասսայական չի զրոյանա, բայց նրան ձայն տվողները ռադիկալ ընդդիմադիր ձայն տվողներն էին, որոնք չէին ուզում ձայն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Քոչարյանի մեկնաբանմամբ՝ ՀԱԿ-ը վերջին 4 տարվա ընթացքում ամենացածր վարկանիշով մտավ խորհրդարան:
Քաղաքագետը բազմիցս նշել է, որ ՀԱԿ-ում երկու հոգի են աշխատել` Նիկոլ Փաշինյանն ու մի քիչ էլ՝ Հրանտ Բագրատյանը. «Մնացածը հոգնած էին, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը… Փողոցային ընդդիմության տեղն ինչ-որ մեկը հաստատ գրավելու է, բայց դա ՀԱԿ-ը չի լինի: Նա այլեւս չի կարողանա վերելք ապրել, ուրիշ ֆորմատ է պետք նրանց:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կուսակցության ներսում այժմ «պաուզա» է: Մաքսիմալ ձգում են, որ թանկ վաճառեն իրենց կոալիցիա մտնելը»,- հավելեց քաղաքագետը, նշելով, որ Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին միավորում է Ռոբերտ Քոչարյանը: Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ ԲՀԿ-ն հիմա էլ է կոալիցիայում ու չի դավաճանի իր ընտրազանգվածին:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ձայներին, ապա. «ՀՅԴ-ի ձայները տարավ սարերի քամին, մի մասը՝ «Ժառանգությունը», մի հատված էլ՝ ԲՀԿ-ն, որը ձայներ է տարել նաեւ մյուսներից: ՀՅԴ-ի քիչ ձայներ ստանալուն նպաստեց նաեւ կոալիցիայի կազմում չլինելը»:
Քոչարյանի մեկնաբանմամբ՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը տանում էին նախագահական ընտրարշավ: Օրինակ՝ վերջին հանրահավաքում էլ, ըստ նրա, Լեւոն Տեր -Պետրոսյանի ելույթը կարապի երգ էր հիշեցնում:
Նոր խորհրդարանը իդեալական չի լինի, շեշտեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում այս անգամ քաղաքական առումով գոնե ակտիվ կլինի. «Խորհրդարանը կդառնա խորհրդարան, ոչ թե կոճակ սեղմողների կլուբ, այսպիսիների քանակը շատ է պակասել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ