ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Ռուբեն Բադալյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի նախնական նիստը: Քաղաքապետարանի ներկայացուցիչն էր Աշխեն Ղարսլյանը:
Վերջինն իր հետ բերել էր 71 էջանոց փաթեթ, որը տեղում հանձնեց հայցվոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանին:
Ի դեպ, բացի Հայկ Ալումյանից, հայցվորներից որեւէ մեկը դատական նիստին ներկա չէր: Փոստանջյանի ներկայացուցիչը ստանալով քաղաքապետարանի փաստաթղթերը՝ ասաց, որ պահանջվածը եւ քաղաքապետի կողմից ընդունած վարչական ակտն առկա է, ուստի հրաժարվեց հայցից:
Կարդացեք նաև
Քիչ հետո դատարան բերվեց 4 հայցվորի հայտարարությունը՝ հայցից հրաժարվելու մասին: Հայկ Ալումյանն ասաց, որ մնացած 3-ը եւս կհրաժարվեն հայցից, սակայն որպեսզի ստորագրություններով հանձնի հայտարարությունը, խնդրեց հետաձգել նիստը:
Դատական հաջորդ նախնական նիստը նշանակվեց մայիսի 17-ին:
Հիշեցնենք, որ հայցվորները պահանջել էին, որպեզի անվավեր ճանաչվեն Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 2011թ. դեկտեմբերի 15-ի քաղաքապետարանի թույլտվությունը Մաշտոցի պուրակում «բուծիկնոց» տեղադրելու համար, «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության գոյություն ունեցող տաղավարների արդիականացման եւ նորերի տեղադրման աշխատանքների համար պաշտոնական փաստաթուղթը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի համաձայնությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ