Այս տարի սեպտեմբերի 7-9-ը Գերմանիայի Պրետցել ամրոցում տեղի է ունենալու Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ -փառատոնը: Առաջինը եղել է 2011-ին:
«Անցյալ տարի մենք կարողացանք կազմակերպել դա: Սովորաբար նոր նախաձեռնության դեպքում շատ ջանք է պահանջվում»,- այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացած ասուլիսի ժամանակ ասաց մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Թոմաս Բուհհոլցը: Վերջինս առաջին անգամ հայկական երաժշտություն լսել է 1997 թվականին, երբ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը իրեն հրավիրել է Հայաստան: Տարիներ շարունակ պարոն Բուհհոլցը դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ կարծում է՝ դա լավ առիթ էր հետագայում հայկական երաժշտական փառատոնի կազմակերպման համար:
Ըստ մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար ու հիմնադիր Վահրամ Եկավյանի, ի տարբերություն նախորդ անգամ անցկացված փառատոնի, այս անգամ շատ բան են փոխել: Նա տեղեկացրեց, որ մրցույթ-փառատոնի շրջանակներում կատարվելու են ոչ միայն Կոմիտասի ստեղծագործությունները, այլեւ ժամանակակից հայ, նաեւ գերմանական եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների երգեր:
Կարդացեք նաև
Կազմակերպիչների հիմնական նպատակն է՝ աշխարհին ծանոթացնել հայ դասական երաժշտության հետ:
Թոմաս Բուհհոլցի խոսքով, նախաձեռնության հիմք են հանդիսացել մի շարք պատճառներ. «Առաջին՝ Կոմիտասի երաժշտությունը «դրսում» քչերին է հայտնի: Չկան նրա ձայնասկավառակները: Ստեղծագործությունների 90 տոկոսը բնօրինակով են ու հայերեն: Գերմանիայում չկա ոչինչ՝ Կոմիտասի կենսագրականից»:
Սրանց լուծումը մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահը տեսնում է Կոմիտասի նոտաների տպման մեջ: Նա կարծիք հայտնեց, որ այդպես հայ մեծ երգահանի ստեղծագործությունները ավելի ճանաչելի կդառնան աշխարհում: Կանցկացվեն վարպետության դասեր՝ օտարերկրացի երիտասարդների հետ, նմանատիպ մրցույթ-փառատոններ, ինչը, ըստ բանախոսի, անհրաժեշտություն կառաջացնի նոտաների տպման:
Կոմիտասյան մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 20.000 դոլար:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ