Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր. «Իրենց ուզածն այն է, որ անձրևից թրջվեմ ու թողնեմ գնամ»

Մայիս 10,2012 14:38

«Ապամոնտաժենք կեղեքող համակարգը», «Փակուղուց ելքը այլընտրանքային ընտրություններն են», «Ֆիլտրացիայի ենթարկել իշխանությանը». սրանք

մայիսի 3-ից հացադուլ հայտարարած և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց նստացույց անող Արտավազդ Վարդանյանի հիմնական պահանջներն են: Ա. Վարդանյանը նաև ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի անդամ էր: Պարոն Վարդանյանը պատմեց, թե երեկ ինչպես են խոչընդոտել իրեն նստացույց անել ԿԸՀ-ի առաջ. «Ես ցանկանում էի վրան տեղադրել, սակայն ոստիկանները խնդրեցին, որ վրանը չամրացնեմ մինչև ղեկավարության հետ ճշտեն: Սակայն մի 20-30 րոպե հետո վրանն ու հովանոցը տարան: Այնուհետև եկավ ոստիկանության իրավախորհրդատուն՝ ասելով, որ կարող եմ վերցնել գույքս և տեղադրել այն այնպիսի տեղում, որ չխանգարի երթևեկությանը: Իսկ երեկոյան, երբ ընկերներս գնացին, ես էլ քնապարկումս քնած էի, հանկարծ մեկն անունս տվեց, ինձ թվաց՝ ընկերներիցս են՝ պատասխանեցի: Փաստորեն ուզում էին ճշտել իմ ինքնությունը: Այնուհետև ինձ քնապարկով վերցրին, հովանոցը ջարդեցին և մեքենայով տարան: Ասացին, որ տուն են տանում՝ էջմիածնի Մուսալեռ գյուղ: Հետո ինձ հարցրին՝ գյուղապետը ինձ մոտեցե՞լ է: Փաստորեն ՝ եթե ոստիկանությունը ցանկանում է ինձ առևանգողներին գտնել, արդեն պարզ է, թե որտեղից պիտի սկսի»: Ա. Վարդանյանը պատմեց նաև, որ գյուղապետը շարունակ փորձել է իրեն համոզել, որ սոված չմնա, որ չվերադառնա, սակայն ինքը կրկին վերադարձել է:

Ա. Վարդանյանը երեկ նաև կողքի հատվածում սուր ցավեր է ունեցել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ նա անցկացրել է չորս ժամ: Հացադուլ հայտարարած քաղաքացու հիմնական պահանջը մտավորականությունից և հասարակությունից է, որպեսզի նա այլընտրանքային ընտրության մի մոդել ներկայացնի հասարակությանը: Ա. Վարդանյանը կարծում, է,որ հասարակությունը ոչ թե պիտի ուղղորդվի դեպի խորհրդարան, այլ դեպի Մաշտոցի պուրակում պայքարող երիտասարդություն, քանի որ նրանք են այն ծիլերը, որ հետո կարող են պտուղ տալ:

Aravot.am-ը պարոն Վարդանյանին խնդրեց գնահատել այն, ինչ կատարվել է իր հետ: Նա նշեց. «Դա միանշանակ ուղղորդված գործողություն էր: Այս ընթացքում ոստիկանությունն ինձ խոչընդոտելով վրան և հովանոց տեղադրել, մի խնդիր է լուծել, որ ես չկարողանամ իրականացնել իմ ակցիան, այսինքն խոչընդոտում են, որ կիրառեմ իմ քաղաքացիական իրավունքները: Ասում են՝ ոչինչ՝ թող այդ մարդը թրջվի, սա հենց իրենց ուզածն է, որ ես ստիպված թողնեմ գնամ: Այսպիսով իշխանությունը խոչընդոտում է այն հասարակությանը, որը փորձում է իր իրավունքներից օգտվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031