Այսօր «Փաստարկ» ակումբի հյուրը Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն էր: Aravot.am-ի հարցին՝ Դուք ասում եք աննախադեպ, փայլուն ընտրություններ են անցել, բայց ՀԱԿ-ը դիմել է ՍԴ՝ չեղյալ համարելու ընտրությունների արդյունքները, որեւէ հիմք չկա՞ դրա համար, Դուք չե՞ք տեսել համացանցում հայտնված տեսանյութերը, երբ գազելներով ընտրակաշառք են բաժանում, կնիքները ցնդում էին, մարդիկ ուղղորդված գալիս էին ընտրատեղամաս՝ սրանք շա՜տ փոքր խախտումնե՞ր էին ըստ Ձեզ՝ նա պատասխանեց. «Բնական է, մի կուսակցություն, որ հայտարարել է քառասուն-հիսուն տոկոս ձայնի մասին ու հավաքում է յոթ տոկոս, ամենակարճ ճանապարհը ՍԴ դիմելն է, բայց չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը էական փոփոխություն կմտցնի այս հարցում»:
Ըստ Խոսրով Հարությունյանի, շատ նորմալ է, որ Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Օսկանյանը հայտարարել են, որն չեն տեսնում իրենց կուսակցությունը՝ կոալիցիայում. «Նախ պետք է իմանալ՝ արդյոք ԲՀԿ-ին ձեռնտո՞ւ է լինել կոալիցիայում, թե՞ ոչ: ԲՀԿ-ի քաղաքական հեռանկարների տեսանկյունից անհամեմատ ավելի նպատակահարմար է լինել ընդդիմություն, քան քաղաքական կոալիցիայի մեջ, որովհետեւ ԲՀԿ-ն լուրջ ճանապարհ ունի անցնելու, այդպիսի ճանապարհ նա չի անցել, եւ ընդդիմության մեջ փորձելը կարող է նույնիսկ օգտակար լինի՝ իր քաղաքական կենսագրությունը ամրապնդելու: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն շատ լուրջ կհամոզի մեկին կոալիցիա մտնելու, դա չի լինելու, դա պիտի լինի երկուստեք ձեռնտու»:
Նա հանգստացրեց լրագրողներին ասելով, որ կառավարություն չի մտնելու, ԱԺ նախագահ չի լինելու. «Վստահաբար, հանգիստ եղեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ