Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ չէ օլիմպիական չորս ուղեգրերից

Մայիս 10,2012 13:48

Ֆինլանդիայում անցկացված եզրափակիչ վարկանիշային մրցաշարում 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի համար նվաճեց մարզաձեւում վերջին՝ չորրորդ օլիմպիական ուղեգիրը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը վաստակած օլիմպիական ուղեգրերի քանակով ընդհանուր առմամբ դժգոհ չէ արդյունքից: Սակայն նաեւ այս ընթացքում լուրջ մտահոգություններ է ունեցել, որոնց մասին խոսեց «Առավոտի» հետ զրույցի ընթացքում:

– Եվրոպայի առաջնություն, օլիմպիական երեք վարկանիշային մրցաշար եւ չորս ուղեգիր: Գո՞հ եք արդյունքից:

– Օլիմպիական ուղեգրերի քանակի առումով՝ այո: Սակայն մենք պլանավորել էինք առնվազն մեկով ավելի վարկանիշ:

– Հավանաբար, նկատի ունեք 55 կգ քաշային կարգը, որում հանդես է գալիս մեր ամենաճանաչված ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:

– Այո, ասելիքս հենց նրա մասին է: Ամոյանի հետ ոչ միայն օլիմպիական ուղեգրի, այլեւ Լոնդոնում մեդալի, այն էլ՝ չեմպիոնական, հույսեր ունեինք կապված:

– Սակայն անգամ վարկանիշ չունեցանք: Ի՞նչ կատարվեց:

– Սկսած Եվրոպայի առաջնությունից՝ Ամոյանին հնարավոր բոլոր տարբերակներով կոտրեցին: Եվրոպայի առաջնությունում հայ մարզասերը տեսավ, թե ինչպես նրան պարտություն գրանցեցին ադրբեջանցու՝ փողոցային կռիվ հիշեցնող գոտեմարտում: Դրան հաջորդեց Սոֆիայում անցկացված եվրոպական երկրների վարկանիշային մրցաշարը, որտեղ մրցավարները նույն կեղտոտ մեթոդներով Ռոմանին զրկեցին ուղեգրից՝ հաղթանակը նվիրելով նրա բուլղարացի մրցակցին: Հավատացեք, որ դա հոգեբանական շատ ուժեղ հարված է մարզիկին, անգամ, եթե նա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի ու Եվրոպայի առաջնության մեդալակիր, նույնիսկ, եթե ճանաչվել է Եվրոպայի լավագույն ըմբիշ:

– Սերբիայից ու Բուլղարիայից հետո մարզչական խորհուրդը որոշել էր Ամոյանին Չինաստանում կայանալիք հերթական վարկանիշային մրցաշարին չմասնակցելու եւ հոգեբանական լարվածությունը թոթափելու հնարավորություն տալ՝ նպատակով, որ նա արդեն Ֆինլանդիայում կնվաճի այնքան սպասված օլիմպիական ուղեգիրը:

– Այո: Մենք նրան չտարանք Չինաստան: Սակայն Ամոյանը, որ, իմ համոզմամբ, հիմա էլ իր քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ըմբիշներից է, չհասցրեց դուրս գալ այդ վիճակից: Դա ցավալի է, բայց նաեւ՝ փաստ:

– Այսինքն՝ Լոնդոնում մեր ամենից ավելի սպասված քաշային կարգում ներկայացուցիչ չե՞նք ունենալու:

– Որքան էլ անհավատալի է՝ ոչ:

– Իսկ հնարավո՞ր է, որ այս ընթացքում Ռոմանը հասցնի ծանրանալ եւ օլիմպիական խաղերի մեկնել ավելի բարձր քաշային կարգում:

– Եկեք երեւակայության գիրկը չընկնենք, որքան էլ դա ցանկալի կամ հաճելի լինի:

– Պարզապես, դժվար է պատկերացնել օլիմպիական խաղերն առանց Ռոման Ամոյանի: Իսկապե՞ս ոչ մի հույս չկա, անգամ՝ սպիտակ քարտի տեսքով, որ ՄՕԿ-ը տալիս է տարբեր երկրների:

– Ես անձամբ դիմել եմ մեր մարզական ղեկավարությանն այդ ուղղությամբ հնարավոր ամեն քայլ ձեռնարկելու խնդրանքով: Բայց հույսը գրեթե զրոյական է: Ամոյանը աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկն է, ու առանց նրա մասնակցության օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարն այն դիտարժանությունը չի ունենա: Սա միայն իմ համոզմունքը չէ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ նրանից բացի՝ Լոնդոն մեկնելու իրավունքից զրկվել են նաեւ Ռոմանի կարգի այլ ըմբիշներ եւս՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու իրենց աշխարհամասերի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Սա է սպորտի դաժան օրենքը եւ դրանից փախչել հնարավոր չէ: Իսկ եթե ձեր նշած սպիտակ քարտը հանկարծ լինի, Ռոման Ամոյանը հաստատ կմեկնի օլիմպիական խաղերի եւ այնտեղ, չկասկածեք, կապացուցի, որ աշխարհում լավագույնն է իր քաշային կարգում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031