Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բեմում մահանալ չեմ պատրաստվում»

Մայիս 10,2012 13:46

Ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 8-ին Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ ժամկետից շուտ ավարտեց 2011-12թթ. թատերաշրջանը՝ կապված բեմի հիմնանորոգման աշխատանքների հետ: Թեեւ Գայանեի դերապարով հանդես չեկավ ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, այդուհանդերձ, «Առավոտը» առաջին անգամ զրույցի հրավիրեց մասնագետների ու հանդիսատեսի բնորոշմամբ՝ լավագույն «Գայանեին»:

Ավելի քան 20 տարվա բեմական հարուստ կենսագրություն ունեցող բալետի առաջատար արտիստն այժմ զբաղված է թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում եւ բալետային խմբի հետ հանդես է եկել Եգիպտոսում, Սիրիայում, ԱՄԷ-ում, Թուրքիայում: Ասում են՝ Սոնան բեմական այլ ճակատագիր կարող էր ունենալ, եթե չլիներ իր ցանկությունը, որ երեխան անպայման ծնվի հայրենիքում:

«Դեռեւս խորհրդային տարիներին ճանաչված ռեժիսոր Լեոնարդ Գատովը, որը այդ շրջանում մեկ անգամ բեմադրեց Էրբունի-Երեւան տոնակատարությունը, 1990-ականների սկզբին Կրասնոդարում հիմնեց «Պրեմիերա» ստեղծագործական միավորումը, որում ընդգրկված էին մշակութային 17 ոլորտ, այդ թվում բալետ, օպերա, շոու եւ այլն: 1995-ին Գատովը հրավիրեց Յուրի Գրիգորովիչին, որը Կրասնոդարում հիմնեց իր բալետային խումբը: Վերջինս գործում է մինչ այսօր: Քանի որ Գատովը ծանոթ էր հայաստանցի մշակույթի գործիչներին, ինձ եւ ամուսնուս՝ ազգային օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանին, հրավիրեց աշխատանքի: Երկու տարվա ընթացքում ես հասցրի ընդամենը մասնակցել Գրիգորովիչի խորեոգրաֆիայուվ բեմադրած Չայկովսկու «Կարապի լիճ», Ադանի «Ժիզել», Շոստակովիչի «Ոսկե դար» բալետային ներկայացումներին, բայց քանի որ ամուսիններով որոշել էինք, որ մեր երեխան պետք է Հայաստանում ծնվի, 97 թվականին վերադարձանք»,- պատմում է Սոնա Առուստամյանը:

Բալետի արտիստի համար երկարատեւ «կյանք ունեցող» արվեստագետից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ինչու են իրեն համարում ամենալավ «Գայանեն» եւ դեռ ինչքան է պատրաստվում շարունակել բեմական կյանքը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր թատրոնում տարբեր խորեոգրաֆներ են բեմադրել «Գայանեն», 2000-ականների սկզբին, երբ անվանի բալետմայստեր Վիլեն Գալստյանը վերաբեմադրեց իր՝ 1974 թվականի բեմադրությունը, «Գայանեի» մենապարը վստահվեց ինձ, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ ժամանակին հիշյալ կերպարը հրաշալի են մարմնավորել ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը եւ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքան կշարունակվի բեմական կյանքս, դա կախված է իմ ֆիզիկական հնարավորություններից: Մի բան հաստատ է՝ երբեք չեմ սպասի, որ մեկն ասի, թե արդեն լավ չեմ նայվում բեմում: Այնպես որ՝ բեմում մահանալ չեմ պատրաստվում»:

Հետաքրքրությանը՝ բեմից հեռանալուց հետո արդյոք չի՞ պատրաստվում զբաղվել խորեոգրաֆիայով՝ արդեն որպես բալետմայստեր, Սոնա Առուստամյանը պատասխանեց. «Ես կարող եմ լինել լավ պարուսույց, բայց ոչ խորեոգրաֆ»: Անվանի պարուհուց հետաքրքրվեցինք, ի վերջո մեզանում ժամանակակից բալետ կա՞՝ նկատի ունենալով վերջերս Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Գարունը»՝ ըստ Վիվալդիի «Տարվա եղանակների»: Շրջանցելով մեր հարցը՝ պարուհին ասաց. «Հայաստանում ապրում ենք մի տեսակ աշխարհից կտրված, վակուումի մեջ: Ստեղծում ենք, ուրախանում մեր ձեռք բերածով եւ վերջ… Ախր արվեստի բոլոր ճյուղերին հեղաշրջում է պետք եւ տաղանդավոր անհատներ, բայց ո՛չ քանդողներ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031