«Այս ընտրություններն աննախադեպ էին, այս ընտրություններում սեւ PR-ը դոմինանտ չէր: Տեսեք ինչպիսի օպերատիվ արձագանք կար ցանկացած ահազանգի նկատմամբ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ընտրություններն այսպես գնահատեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հարցին՝ կոալիցիայի քննարկվող սցենարներից ո՞րն է Ձեզ համար առավել իրատեսական, ով ում հետ կոալիցիա կկազմի՝ նա պատասխանեց. «Առաջին՝ կա՞ կոալիցիայի անհրաժեշտություն, թե՞ ոչ: ՀՀԿ-ն ակնհայտորեն քաղաքական մեծամասնություն է, բայց հաշվի առնելով բարեփոխումների խնդիրը, քաղաքական կուսակցությունը հարկավոր է ունենա երաշխավորված մեծամասնություն: Շուրջ 80 մանդատ եւ ավելի խիզախ բարեփոխումների կգնա»: Ըստ Խոսրով Հարությունյանի ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան ձեւական չէր, նրա հիմնական առաքելությունն այն է, որ մնայուն կայուն քաղաքական մեծամասնության շնորհիվ ՀՀԿ-ին հաջողվեց հետմարտյան ճգնաժամային իրավիճակից հանրությանը դուրս բերել: Եթե որեւէ այլ հարցում դերակատարում չունենար կոալիցիան, միայն այս դերակատարումը, ըստ նրա, բավական էր. «ԲՀԿ-ն այս ընթացքում կոալիցիոն ուժ լինելով հանդերձ մի քիչ անհասկանալի վարքագիծ ուներ, փորձում էր ներկայանալ իշխանության այլընտրանք, բայց գիտեք, իշխանության այլընտրանք չի լինում, դա ընդդիմություն է, գիտեք, ֆուտբոլի թիմ չի սա, որ լինի հիմնական կազմ ու այլընտրանքային կազմ: Գնդակը այդ առումով գտնվում է ԲՀԿ-ի դաշտում, նա պետք է նախաձեռնությամբ հանդես գա, շահի կոալիցիոն գործընկերների վստահությունը»:
Հարցին՝ վարչապետի փոխելու անհրաժեշտությու՞ն կա՝ նա պատասխանեց. «Ով էլ լինի կառավարությունում, նա իրականացնելու է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ