Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սոված ապրես, մենակ թե դա չտեսնես»

Մայիս 10,2012 13:38

Տարիների հեռավորությունը մոռացության չի մատնել պատերազմին դեմ առ դեմ ելած մարտիկի հիշողությունները

Սուրեն Գրիգորյան

Զինվորական հանդիսավոր համազգեստը հագած, շքանշանները կրծքին՝ Հովհաննես Ոսկանյանը շտապում է Վանաձորի ծայրամասում կառուցված հուշարձանի մոտ՝ իր բաժին ծաղիկը դնելու պատերազմում զոհված ընկերների հուշակոթողին:

18 տարեկան էր, երբ դպրոցն ավարտելուն պես որոտաց պատերազմի լուրը:

Ուսումը շարունակելու փոխարեն՝ իր հասակակիցներից շատերի նման, Հովհաննեսն էլ զենք բռնեց եւ պատերազմի մասնակից դարձավ:

Սաթենիկ

«Առաջին գծում եմ ծառայել՝ Արեւմտյան Ուկրաինայում: Չորս անգամ վիրավորվել եմ մարտի դաշտում»,- տարիների հեռավորությունը մոռացության չի մատնել պատերազմին դեմ առ դեմ ելած մարտիկի հիշողությունները:

«1943 թվականի նոյեմբերի 27-ն էր: Չորս տեղից ես ծանր վիրավորվեցի: Գերմանացին փոստը գրավել էր, մենք հրաման ստացանք, որ նեմեցներին պիտի փոստից հանենք: Ներս մտանք, գերմանացիները վերեւից ականները գցում էին մեր գլխին, մենք էլ հրացաններով կռվում էինք, էդ շենքի մեջ ոչ դուռ էինք տեսնում, ոչ լուսամուտ, ծուխ էր. մեկը մյուսին խփում էր, իրար չէինք տեսնում: Այդտեղ էլ վիրավորվեցի, գնդակը մարմնիս մեջ մտավ, մինչ ինձ կհանեին այդտեղից, հիմա էլ թեւիս կրակեցին»,- պատերազմում վնասված թեւն է ցույց տալիս նա:

Հովհաննես Ոսկանյանի համար պատերազմը ավարտվեց 1944 թվականի մայիսի 10-ին: Նա տուն վերադարձավ՝ որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ:

«Պատերազմի ժամանակ ոչ մի բան չես հիշում, ոնց որ հատած մարդ լինես, չգիտես՝ ինչ ա կատարվում, որ տեսնում ես կրակահերթի տակ ընկան, մեկի գլուխը էնտեղ մնաց, մեկի ձեռքը՝ մի ուրիշ տեղ: Էդ վայրկյաններին ոչինչ չես հիշում, նույնիսկ քո տունը չես հիշում»,- ասում է պատերազմի վետերանը:

Նա, սակայն, բողոքում է երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակից.

«Հաղթել ենք, բայց մենակ վատը նա է, որ ռուս զինվորը մեր կողքին միասին կռվել է, հիմի նա ստանում է 500 դոլար թոշակ, անվարձ բնակարան, ավտոմեքենա, իսկ մեզ ստեղ ով ա հաշվի առնում»:

Նրա միակ ցանկությունը երկրի վիճակը բարելավված տեսնելն է.

«Խաղաղություն լինի, ապրելակերպը լավանա, Հայաստանը էս վիճակից դուրս գա, ժողովրդի 80 տոկոսը շատ վատ է ապրում, կցանկանամ, որ փոփոխություն լինի, լավ լինի»:

Հովհաննես Ոսկանյանի տարեկից Սուրեն Գրիգորյանի համար էլ պատերազմը ավարտվեց Բեռլինի գրավման օրը:

Հովհաննես Ոսկանյան

«19 տարեկան էի, հրանոթով կրակում էի ինքնաթիռների, բնակիչների, տանկերի վրա»,- հիշում է Սուրեն Գրիգորյանը, ով պատերազմում կորցրել է երկու եղբայրներին:

Նա ցավով նշում է, որ այդպես էլ միջնեկ եղբորը չգտան:

«Վիրավորված է եղել, հոսպիտալում պառկած, գերմանացիները գրավել են, ու անհայտացել է: Հետո անհայտ կորածների գրքում անուն-ազգանունը կարդացի»,- դողացող ձայնով վերհիշում է անցյալը:

«Եղանակ հաղորդող եմ եղել, թիկունքում եմ եղել, որ ինքնաթիռները չգային՝ սարերին կպչեին»,- ոգեւորությամբ պատմում է 87-ամյա Սաթենիկը:

Նա հիշում է, թե որքան դժվար էր 17 տարեկանում աշխատել Ստեփանավանի օդերեւութաբանական կայանում.

«Գիտեք՝ ինչքան դժվար էր, գիշերը գայլերի միջով գնում էի, լապտերը հանգչում էր, գնում էի, որ գոծիքները ստուգեմ, մեկ էլ տեսա գայլն առաջիս թռվռում ա»:

«Էն ժամանակ չէինք հասկանում, հիմի եմ վախենում, որ հիշում եմ: Հիմա որ հեռուստացույցը նայում եմ, ցույց ա տալի, ես հիմի վախում եմ, ասում եմ, մի՞թե ես էնտեղ եմ եղել: Պատերազմը հիշելու բան չի: Ավելի լավ է սոված ապրես, մենակ թե դա չտեսնես»,- եզրափակում է Հովհաննես Ոսկանյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031