Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Աշոցքում ոչ միայն ջայլամ, այլեւ փիղ էլ կարելի է բուծել»

Մայիս 10,2012 13:22

Կարծում է Բավրայի մաքսատան նախկին պետ Շալիկո Զորյանը

Դեռեւս երկու ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Գյումրիում լրագրողներին վստահեցրեց, որ պատգամավոր վերընտրվելուց հետո ամենաուշը մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին իր ընտրատարածքում՝ Աշոցքի ու Ամասիայի գյուղերում, ջայլամաբուծություն է սկսելու: Պատգամավորը խոստացել էր այնպես անել, որ Հայաստանը 10 տարվա ընթացքում դառնա էկոլոգիապես մաքուր ու առանց խոլեստերինի այս մսի արտահանողը:

«Առավոտը» Աշոտ Աղաբաբյանի մրցակցից՝ ընդդիմադիր, 70-ամյա ՀՀՇ-ական Շալիկո Զորյանից հետաքրքրվեց, թե, որպես Աշոցքի բնակիչ, որքանո՞վ է իրատեսական համարում վերընտրված պատգամավորի խոստումը, եւ մի՞թե հնարավոր է մոտ 8 ամիս խստաշունչ ձմեռ ունեցող սահմանամերձ վայրերում ջերմային տաք գոտու սովոր կենդանի բազմացնել: Ի պատասխան՝ Բավրայի մաքսատան նախկին պետ Շալիկո Զորյանը ստիպված եղավ ԱԺ պատգամավորին հիշեցնել այն, ինչ նա 5 տարիների ընթացքում պարտավոր էր անել խորհրդարանում:

«Ես, ճիշտն ասած, մասնագետ չեմ, որ իմանամ, թե ջայլամը ինչ բնակլիմայական պայմաններում կարող է բազմանալ, եթե մի բանից չեմ կարողանում լիարժեք գլուխ հանել, իմ իմացություններն այդ հարցի վերաբերյալ խախուտ են, ուրեմն խուսափում եմ էդ հարցին պատասխանելուց: Բայց ես մյուսն եմ ասում. ինձ թվում է՝ ջայլամի կարիքը չկա, որովհետեւ Աշոցքում, Ամասիայում, լեռնային գյուղերում գյուղացին շատ լավ զբաղվում է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, այ, լավ կլիներ, որ գյուղացուն ինչ-որ հոգսերից ազատեին, օրինակ՝ դիզվառելիքի ակցիզային հարկը հանել տային, որպեսզի ներկրման ժամանակ դիզվառելիքը թանկ չլիներ, մատչելի լիներ գյուղացիներին, գնեին ու իրենց վարուցանքը կատարեին: Այնպես անեին, որ գյուղացիներն իրենց կովերը պահեին, հիմա այնպիսի վիճակ է, որ մարդիկ ծնելու կովը մորթում են հաց գնելու համար: 1 լիտր կաթը հանձնում են 130 դրամով, այն դեպքում, երբ 7 լիտր կաթից 1 կգ պանիր են պատրաստում ու խանութներում 2000-2200 դրամ է վաճառվում: Դուրս է գալիս, որ պանիր սարքողը գրեթե կրկնակի շահում է, 130 դրամ արտադրողն է ստանում, 100 դրամ դրա մեջ պանիր սարքողն է ստանում»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա, ավելի նպատակահարմար է գյուղատնտեսական ապրանքների ընդունման փոքր կայաններ հիմնեին, որպեսզի մարդիկ իրենց կաթը ոչ թե պարտիզանական եղանակով գնորդներին հանձնեին, այլ՝ տային այնպիսի տեղ, որտեղ կաթը իր արժանի գնահատականը կստանար: Շալիկո Զորյանի խոսքերով, այսօր մսագործը մի գլխաքանակի մեջ շատ ավելին է աշխատում, քան միս արտադրող գյուղացին. «Սրանք հարցեր են, որոնք լուծում պիտի ստանային Ազգային ժողովում, առանց ջայլամի, առանց բանի՝ այս հարցերը կարելի էր լուծել, պատգամավորն այս հարցերը պիտի բարձրացներ, սա իմ կարծիքն է, գուցե ինքը ավելի լավ տարբերակ գիտի, քան ես, քանի դեռ չգիտեմ, չեմ կարող ասել, կոռեկտ չի լինի, բայց չօգտագործված ռեզերվներ լեռնային պայմաններում հսկայական կան: Էս ժողովրդին հողի հետ կապելու, արտագաղթը կանխելու հսկայական հնարավորություն կա: Վարչապետը եկել է, ասում է, թե կովի կուրծքը պետք է տաք ջրով լվանաս, հետո կթես, դա գյուղացու կողքին կանգնել չի նշանակում. ոնց որ կանգնես ու երեխային ասես՝ տուն-տունիկը էսպես մի խաղա: Էդ մարդը կովը կթել, ոչխար պահել էլ գիտե, նրան ֆինանսական հնարավորություն տուր: Էժան տոկոսներով գյուղատնտեսական վարկեր են մտնում Հայաստան, ո՞ւր են էդ վարկերը, Աշոցք չեն հասնում, 24 տոկոսով վարկ վերցնելով՝ գյուղացին տառապում է տոկոսների տակ, գյուղացուն տուր հնարավորություն, ինքն իր անելիքը գիտի, հողի լեզուն ինքը հազար անգամ լավ է հասկանում, քան մայրաքաղաքից կամ օտար երկրներից եկած գիտնականները, անգամ գյուղատնտեսական գծով գիտնականները»: Ըստ Շալիկո Զորյանի՝ «Թող բարի լինեն թեթեւակի շանս տան չօգտագործված ռեզերվերների օգտագործման համար, եթե չարդարացնի, նոր միայն ջայլամ կամ միգուցե փի՞ղ պահեն»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031