Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 6-ին ռեպրեսիաներ չեն եղել

Մայիս 10,2012 13:01

Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ Դեմ առ դեմ բանավիճում են ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը եւ ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

 

«Առավոտ»– Եթե ընդհանրացնելու լինենք, Ձեր գնահատմամբ՝ որո՞նք էին այս ընտրությունների ամենամեծ խնդիրները:

Սամվել Աբրահամյան– Այս ընտրություններում ամենամեծ խնդիրները ցուցակների ուռճացվածությունն էր, կրկնաքվեարկություններն ու ընտրակաշառքի համատարած բաժանումը: Մենք տեսանք նաեւ վարչական ռեսուրսի համատարած օգտագործումը, այսինքն՝ այս ամենը նույնությամբ տեղի ունեցավ՝ բացառությամբ, միգուցե, ռեպրեսիայի: Տվյալ դեպքում մենք կարող ենք ասել, որ ռեպրեսիվ մեքենան չի օգտագործվել, սակայն մնացած բոլոր գործիքները օգտագործվել են նույն չափով, միգուցեեւ ավելի շատ: Մի այսպիսի տվյալ. կոնկրետ 9-րդ ընտրատարածքում, որի ընտրական շտաբի ղեկավարն էի ես, կա 1100 հասցե, որտեղ կենտրոնացած է ընտրողների ընդհանուր թվի 25 տոկոսը՝ այն դեպքում, երբ տեղամասում ընդհանուր առմամբ կա 16000 բնակարան: Այսինքն՝ բնակարանների ընդամենը 5 տոկոսում կենտրոնացած էր ընտրողների 25 տոկոսը: Եվ այսպիսի օրինակներ շատ կան: Ինչ վերաբերում է կրկնաքվեարկություններին, հենց առավոտյան 8-ից տասը պակաս արդեն մեր վստահված անձինք տեղամասերից զանգահարում էին եւ ասում, որ արդեն իսկ տեղամասերի առջեւ 30-40 մարդ է հավաքվել: Հետո պարզվեց, որ բոլոր այդ մարդիկ նախ հավաքվել են ՀՀԿ շտաբների մոտ, ապա շարժվել ընտրատեղամասեր՝ քվեարկելու, ինչից հետո արդեն հայտնի դարձավ թանաքների հետ կապված այդ պատմությունը:

Հովհաննես Սահակյան– Նախ՝ պետք է մենք բոլորս մեր մեջ ուժ գտնենք եւ իրական գնահատական տալով այս ընտրություններին՝ ասենք, որ դրանցում եղել են նաեւ թերացումներ, բայց մենք պետք է նաեւ կարողանանք ուժ գտնել եւ ասել, որ դա բավականին լուրջ քայլ էր, կամք էր իշխանության կողմից՝ անցկացնելու նման որակի ընտրություններ: Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա մեր ամբողջ թիմը առավոտյան 8-ից դեռ տասը պակասից շտաբներում սպասում էր, որ ընտրությունների մեկնարկը տրվի, եւ յուրաքանչյուրն իր ընտրողի հետ, ում հետ որ աշխատանք էր տարել, գնա ընտրատեղամաս: Մեր շտաբներում հավաքված է եղել մեր ակտիվը, ուղղակի քանի որ մեր թվաքանակը ավելի շատ է եղել, այդպես է դիտվել:

Ս. Աբրահամյան– Երբ պարզվեց այդ թանաքի պատմությունը…

Հ. Սահակյան– Քանի տեղամասում՝ խնդրում եմ նշեք:

Ս. Աբրահամյան– Բոլոր տեղամասերում: Ես ավելի կոնկրետ ասեմ՝ 9-րդ ընտրատարածքի բոլոր 34 տեղամասերում, որից 15-ում հենց հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց կողմից այդ փաստն արձանագրված է: Անձամբ իմ անձնագրում եւս դա եղել է. երբ դրոշմը դրվեց, այն համարյա անհետացավ: Ես խնդրել եմ, որպեսզի երկրորդ անգամ դրոշմը դրվի, երկրորդ անգամ ավելի խոշոր դրվեց դրոշմը, թափ տվեցին եւ դրեցին:

«Առավոտ»– Իսկ դրանից հետո դրոշմը մնաց՞:

Ս. Աբրահամյան– Դրանից հետո մնաց:

«Առավոտ»– Այսպիսով՝ կարելի է ասել, որ հաստատվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այն պատճառաբանությունը, որ թանաքի օքսիդանալու պատճառը մինչ այդ թանաքամանները չթափահարելն էր:

Ս. Աբրահամյան– Միգուցե դա էր պատճառը, բայց Տիգրան Մուկուչյանն իր հանձնաժողովների անդամներին դրա մասին պետք է ասեր ավելի վաղ:

Հ. Սահակյան– Այսինքն՝ Դուք ինքներդ փաստեցիք, որ եթե թանաքամանը թափահարում ես եւ դրանից հետո դրոշմակնիքը դնում անձնագրի վրա, այն չի անհետանում: Հետեւաբար, մենք որեւէ դիտավորություն չէինք կարող այստեղ ունենալ, քանի որ չէինք կարող հանձնաժողովների յուրաքանչյուր անդամի ասել՝ մի թափահարեք: Մեծ հաջողությամբ կարող էր ձեր վստահված անձը կամ ընդդիմադիր թեւի հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թանաքամանը թափահարեր, եւ դրոշմակնիքը դնեին: Եվ եթե մենք սրա վրա կառուցեինք մեր հետագա հաջողությունները, չեմ կարծում, որ լուրջ է:

Ս. Աբրահամյան– Ըստ հայտարարված տվյալների՝ 1,5 միլիոն մարդ է մասնակցել այս ընտրություններին, այսինքն՝ նախորդ նախագահական ընտրություններից ավելի շատ: Հիմա սա ռեա՞լ է: Մեր հաշվարկով՝ այս ընտրությունն

երի ժամանակ մոտ 400 հազարով ավելի քվեարկություն է կատարվել: Ոչ թե լցոնում է եղել՝ ոչ, լցոնում չի եղել, համենայնդեպս այնքան տարածքում, որին ես տիրապետում եմ, միգուցե եղել է գյուղերում՝ չգիտեմ: Բայց այս անգամ կիրառվեց շատ ավելի նուրբ եւ խորամանկ տեխնոլոգիա: Այն, որ ՀՀ բնակչության 30 տոկոսը դրսում է, բոլորը գիտեն, եւ եթե ընդունում ենք, որ 1,5 միլիոն մարդ է մասնակցել ընտրություններին, ապա ստացվում է, որ ՀՀ բնակչության 100 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, ինչը անհնարին է:

Հ. Սահակյան– Եկեք մեր ժողովրդին հարյուր տոկոսով չգցենք թյուրիմացության մեջ: Եղել է 60 տոկոս մասնակցություն: Եվ ես առաջարկում եմ խնդիրն այլ հարթության մեջ նայենք. ընդամենը քաղաքական բոլոր ուժերն էլ փորձել են իրենց թիմերին առավելագույն չափով տանել ընտրության:

Ս. Աբրահամյան– Իշխանությունը ցույց տվեց, որ ինքը դեռ պատրաստ չէ քաղաքական կամք դրսեւորելու եւ գնալու արդար ընտրությունների ճանապարհով:

Հ. Սահակյան– Միգուցե Դուք պատրաստ չեք ճշմարտությունը ճիշտ ձեւակերպելու: Մենք ձեր ցուցաբերած քաղաքական կամքը բազմիցս տեսել ենք:

Ս. Աբրահամյան– Ճշմարտությունը մեր հասարակությունը շատ լավ գիտի:

Հ. Սահակյան– Հասարակությունը շատ լավ գիտի եւ ՀՀՇ-ի ժամանակ կատարված ընտրությունները, եւ այսօրվանը:

Ս. Աբրահամյան– Հա, մութ ու ցուրտ տարիներն էլ գիտի:

Հ. Սահակյան– Չէ, արկղ գողանալը գիտի, ռուբիլնիկ անջատելը գիտի, վստահված անձին իր ամբողջ փաթեթով գողանալը գիտի:

Ս. Աբրահամյան– Մարտի 1-ը գիտի, քաղբանտարկյալները գիտի:

Հ. Սահակյան– Մարտի 1-ը ձեր սցենարն էր, մենք էլ բավարար փորձ չունեինք, խաղացինք էդ սցենարով:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Առցանց բանավեճն ամբողջությամբ 

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031