Հայաստանում սահմանադրական կարգ եւ ժողովրդավարություն հաստատելը մեր ազգի իսկապես կարեւորագույն խնդիրն է: Սակայն վերջին 20 տարում ընդդիմությունը, կարծում եմ, մեթոդոլոգիական սխալ է թույլ տալիս՝ պնդելով, որ կարգը եւ ժողովրդավարությունը կարող են առաջանալ «այս հանցավոր իշխանությունից ազատվելու» արդյունքում: «Այս իշխանությունը»՝ ՀՀՇ-ական, քոչարյանական կամ հանրապետական, միայն օգտվում են կարգի բացակայությունից (ոմանք, ասում են, միլիարդներ են դիզել), բայց անկարգությունը ստեղծողը ամենեւին էլ նրանք չեն:
Առաջին հանրապետության վերնախավը բաղկացած էր կրթված, զարգացած մարդկանցից, որոնք գուցե անձամբ չէին «լափում», բայց հետագայում իրենց հուշերում տրտնջում էին՝ ում նշանակում էինք, սկսում էին իրենց դիրքը չարաշահել: Կամ՝ 19-րդ դարի 40-ական թվականների Հայաստանի մասին պատմող «Հացի խնդիրը», կարելի է ասել, փաստագրական վեպի հերոսների՝ յասավուլի, մովրովի կամ գյուղապետի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է ապրել որեւէ կարգի համաձայն եւ ոչ թե «ավազակապետական» օրենքներով: Եթե Պետերբուրգում մի կայսրը իր պալատականներով գնար, մյուսը գար, արդյոք դրանով իրավիճակը կփոխվե՞ր: Ցարեր էլ են փոխվել, հետո ցարերին բոլշեւիկներն են փոխարինել, հետո էլ ՀՀՇ-ականներն են եկել, բայց դրվածքը մնացել է նույնը: Խնդիրը, հետեւաբար, հարափոփոխ «այս իշխանությունների» մեջ չէ, այլ մեր իրավագիտակցության մեջ: Հնարավո՞ր կլիներ արդյոք Պռոշյանի նկարագրած Աշտարակի գյուղերում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել:
Ընտրությունները եւ Սահմանադրությունը Հայաստանի ներկայիս քաղաքացիների մեծ մասի համար չափից դուրս վերացական կատեգորիաներ են: Կա կենցաղային մակարդակով «ճշտի» ընկալում, կան բարեկամական կամ թշնամական տոհմերի փոխհարաբերություններ, կա «ժողովրդի մասին մտածող» բարերար, հայր կամ թագավոր, եւ կան ժողովրդի մասին չմտածող չինովնիկներ (յասավուլի տիպի), որոնց առերես քծնում են, հետեւից հայհոյում են, իսկ հոգու խորքում երազում են գրավել նրանց տեղը: Այդպիսի քաղաքացիները հանգիստ կարող են 10000 դրամը վերցնել, քվեարկել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին, իսկ հետո գնալ հանրահավաքի եւ անեծքներ թափել «ժողովրդի մասին չմտածող» իշխանության գլխին:
Ելքը քաղաքացիներին կրթելն ու լուսավորելն է: Ոչ թե ղժղժան, ամբոխավարական ճառերով, այլ նախեւառաջ՝ սեփական օրինակով: Եթե բոլորը քո շուրջը նախրի պես վազում են կարմիր լույսի տակ, պետք չէ գլխիկոր միանալ այդ նախրին. ավելի ցանկալի է համբերատար սպասել կանաչ լույսին: Թող որ քո վարքը տարօրինակ թվա:
Կարդացեք նաև
Գյումրիում մեծամասնականով պարտված թեկնածուն շնորհավորեց իր հաղթած մրցակցին: Որքան գիտեմ, դա մեր 20-ամյա պատմության մեջ առաջին դեպքն է: Վստահ եմ, որ այդ ընտրատարածքում նույնպես եղել են բազմաթիվ խախտումներ: Բայց այդ շնորհավորանքը նոր մշակույթի փոքրիկ սաղմ է: Որովհետեւ սահմանադրական կարգը եւ ժողովրդավարությունը նախեւառաջ մշակույթ են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ