Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները գնալու են ԱԺ՝ անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից

Մայիս 10,2012 11:09

Եվ այսպես, մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձայների նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը գնալու են խորհրդարան` անկախ ընտրություններին տրված նրանց «սահմռկեցուցիչ» գնահատականներից: Գնալու են, որ ԱԺ ամբիոնից «օր ու արեւ» չտան ընտրությունները կեղծած իշխանություններին: Եվ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն, եւ «Ժառանգությունը» տարբեր տոնայնությամբ, տարբեր ձեւակերպումներով, սակայն արձանագրել են, որ ընտրություններն անցել են աննախադեպ կեղծիքներով: Արձանագրել են, սակայն որեւէ մեկը չի հրաժարվել ոչ լեգիտիմ խորհրդարանում իր «լեգիտիմ մասնաբաժինն» ունենալու հնարավորությունից: Ընդ որում, բոլոր այդ ուժերը պատգամավորական մանդատները վերցնելու իրենց որոշումը ներկայացնում են որպես մեծագույն զոհողություն` հասարակության առաջ, քանի որ ԱԺ են գնում իրենց «պայքարը շարունակելու համար»: Այսինքն` ծառայում են ժողովրդին: Ասվածն ամենեւին չի նշանակում, թե ընտրությունների արդյունքները բոյկոտելն ամենաարդյունավետ եղանակն է: Սակայն, եթե այս ուժերն իրականում համարում են, որ ընտրությունները կեղծվել են, եւ պայքարում են իշխանությունների դեմ, ապա խորհրդարան չգնալով` նրանց պայքարն ավելի առարկայական կարող էր դառնալ, իշխանության ամենաթողությունն ավելի կզսպվեր, քան ԱԺ ամբիոնից ունենալիք նրանց «կրակոտ» ելույթների արդյունքում: Իշխանությունն ընտրությունները կեղծել է այնքան համակարգված ու անթերի, որ արժանացել է միջազգային հանրության բարձր գնահատականին: Հիմա իշխանությանը պետք են «ազատ եւ խաղաղ ընտրությունների» արժեքը փաստող հետագա ատրիբուտներ: Քաղաքական 6 ուժերի ներկայությունն ԱԺ-ում դրանցից մեկն է: Իսկ եթե այդ ուժերը նաեւ խստորեն քննադատում են իշխանությանը, այդ քննադատությունը հեռարձակվում է արդեն «ազատ» հեռուստաեթերում, իշխանությունը դառնում է է՛լ ավելի ժողովրդավար, է՛լ ավելի հանդուրժող: Եվ այդ «որակներով» ընդամենը մի քանի ամիս հետո իշխանությունը կգնա նախագահական ընտրությունների: Այսինքն` իրականում ԱԺ գնալով ընդդիմադիր ուժերը ծառայում են ոչ թե ժողովրդին, ինչպես իրենք են ներկայացնում, այլ իշխանության «ժողովրդավարական կերպարի» կերտմանը: Այդ իմաստով` խորհրդարանական ուժերն արդեն դառնում են ոչ այնքան քաղաքական, որքան իշխանական համակարգի բաղկացուցիչներ: Ինչպիսին էր ու է՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որքան էլ ՀԱԿ-ը նրան փորձում էր առանձնացնել իշխանությունից:

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031