Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունները կեղծվա՞ծ

Մայիս 09,2012 19:57
  1. Պարզ թվաբանություն և տրամաբանություն

Ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների օգտագործման և կեղծ անձնագրերով «մեռյալ հոգիների» անունից քվեարկության մասին շատ է խոսվում և չեմ բացառում, որ նման խախտումներ տեղի են ունեցել:

Որոշակի թվաբանությամբ փորձենք բացահայտել դա: Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ-ում առկա են մոտ 2.523.000 ընտրող, որից ընտրություններին մասնակցել է մոտ 1.573.000-ը կամ 62.33%-ը:

Սակայն ըստ 2011թ. մարդահամարի տվյալների, Հայաստանի բնակչությունը կազմում է 2.871.509 մարդ, իսկ ըստ վիճակագրական ծառայության` 01.01.2012թ. դրությամբ ՀՀ բնակչության թիվն է 3.274.300 մարդ:

Նշված թվերից հետևում է, որ ՀՀ փաստացի բնակչությունը նվազագույնը 400.000-ով պակաս է հաշվառվածից:

Այս 400.000-ը ՀՀ-ից հեռացածներն են, որոնցից մոտ 360.000-ը չափահաս` ընտրելու իրավունք ունեցող անձինք են (ըստ վիճ. ծառ.1-18 տարեկանները կազմում են բնակչության մոտ 10 տոկոսը):

Եթե ընտրողների ռեգիստրում որպես ընտրող գրանցված 2.523.000-ից հանենք 360.000 ընտրելու իրավունք ունեցող հեռացածներին, կստացվի` 2.163.000 ընտրող:

Դա նշանակում է, որ 2.163.000 փաստացի ընտրողից ըստ պաշտոնական տվյալների ընտրությանը մասնակցած մոտ` 1.573.000-ը ոչ թե կազմում է ընտրողների 62.3%-ը, այլ` 73%-ը, ինչը ընտրողների ակտիվության անհավանական ցուցանիշ է:

Նշված պնդումը կարող է հիմնավորվել այլ համեմատական հաշվարկով ևս:

Այսպես, 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում հաշվառված է եղել 2.317.810 ընտրող, իսկ ընտրություններին մասնակցել են` 1.375.733 ընտրող` 59.4%:

Ինչպես տեսնում ենք, ըստ պաշտոնական տվյալների 2012թ. ԱԺ ընտրություններին 2007թ. համեմատ մոտ 200.000-ով ավելի ընտրող է մասնակցել (2012թ.` 1.573.000, 2007թ.` 1.375.000): Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն` 2007թ-ից 2012թ. մարտ ամիսը ՀՀ-ից ավելի քան 170.000 արտագաղթող է եղել (2007թ.` 3.200, 2008թ.` 23.100, 2009թ.` 25.000, 2010թ.` 46.700, 2011թ.` 43.800, 2012թ. հունվար-մարտ ամիսներ` 28.098): Այս հաշվարկով նույնպես բացասական մեծությունը (բնակչության նվազում, սակայն ընտրություններին մասնակցածների ավելացում) կազմում է 370.000 (200.000 + 170.000):

Այս հաշվարկները ցույց են տալիս, որ ընտրողների թիվը առնվազն 350 հազարով ուռճացվել է, կամ էլ` ակտիվությունն է աննախադեպ եղել: Որոշեք ինքներդ:

Այս ամենը, այդ թվում հավելյալ 350.000 ընտրողների միջոցով ստացված արդյունքները հիմնավորվեցին ու լեգիտիմացվեցին Գելլափների սոցհարցումներով ու էկզիթ փոլերով: Դե գնացեք ու մտածեք:

  1. Նախընտրական ինքնախաբեություն և հետընտրական երազախաբություն

Այժմ անդրադառնամ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական ու հետընտրական պահվածքին:

ՀԱԿ-ը հեղափոխություն էր խոստանում, եթե ընտրությունների արդյունքում իր օգտին 50%-ից ավել ձայն չարձանագրվեր: «Ժառանգությունն» ի սկզբանե հայտարարում էր 25% ձայն ստանալու, իսկ քարոզարշավի վերջում 50%-ի հավակնության մասին: ՀՅԴ-ն` իր տեղերը կրկնապատկելու մասին:

Նման նախընտրական հայտարարություններով հանդես եկող քաղաքական ուժերի օգտին ԿԸՀ-ի կողմից գրանցվեց ընդամենը 5-7 տոկոս ձայն և վերջ:

Հետընտրական այս օրերին ընդդիմությունը շոկի մեջ է, հայտարարում է կեղծիքների մասին, իսկ որպես գործնական քայլ` հրամցված ԱԺ մանդատներն ընդունելու և ԱԺ մտնելու մասին:

Ես, ինչպես նաև շատ-շատերը զայրացած ենք նշված ընդդիմադիրների նախընտրական ու հետընտրական պահվածքի վրա, հետևաբար զայրույթս արտահայտեմ մի քանի տողով:

Հարգելիներս, ինչու՞ էիք թեթևսոլիկների պես վերամբարձ հայտարարություններ անում, դե տե´ր կանգնեք ձեր օգտին տրված ձայներին, ինչո՞ւ եք լուռ ու մունջ ընդունում կեղծիքները: Ասեմ թե ինչու, որովհետև ձեր հնչեցրած հավակնությունները ինքնախաբեություն ու խաբեություն էին, դուք չեք էլ ուզել ձեր ընտրողների հետ ազնիվ լինել ու ձեզ տրված ձայներին տեր կանգնել:

Հակառակ դեպքում ոչ թե 50%-ների մասին կխոսեիք, այլ կփորձեիք չեզոքացնել ընտրակեղծիքների օրինականացման համար Գելլափների սոց. հարցումների տվյալները: Դրա համար ընդամենը պետք էր միջազգային վստահություն վայելով որևէ սոցիոլոգիական ընկերության, օրինակ` իսկական Գելլափին սոց. հարցումներ ու էկզիթ փոլ պատվիրել:

Այդ դեպքում, եթե պարզվեր, որ յուրաքանչյուրդ թեկուզ 15-25 տոկոս ձայն ունեք, ոչ ոք ռիսկ չէր անի նման ընտրակեղծիք կատարել, քանի որ դա ոչ միայն կզգացվեր, ինչպես հիմա, այլ նաև կփաստվեր` սոց. հարցումների ու արձանագրված արդյունքների տարբերությամբ, իսկ նման դեպքում կատարված կեղծիքը մարսելը շատ դժվար կլիներ, եթե ոչ` անհնար:

Կարծում եմ, որ մեծ հաշվով լավ է, որ իրենց գործին անպատասխանատու վերաբերող ուժերը իշխանություն չեն ստանում: Պատկերացնել կարելի է, թե նման անպատասխանատուների ու թեթևսոլիկների ղեկավարությամբ դեպի ուր կգնայինք: Բայց ցավում եմ, որ ընտրությունների արդյունքները շարունակաբար կեղծվում են և իմ երկիրը չի դառնում իմ երազա´ծ երկիրը:

Հ.Գ.Կեղծիքների մասին եմ գրում, բայց չեմ բացառում, որ կա մեկ այլ իրականություն ևս: Այսպես, եթե ԱԺ նախորդ ընտրություններին ծնողներիս ընտանիքը, որտեղ 4 ընտրող կա, իրենց ձայնը տվել էին ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», ապա այս անգամ, երբ զանգահարեցի, հետաքրքրվելու համար, թե ում են ընտրել, մայրս ասաց` Սերժին: Այո, իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին: Կա նաև Էդմոն Մարուքյանի օրինակը` Վանաձորում, կան Գյումրու և Կոտայքի մարզի օրինակները և այլն: Այնպես, որ ամեն ինչ միանշանակ չէ, բացի այն, որ ընտրախախտումներ եղել են և այն, որ ինքնախաբեությամբ զբաղվողները երազախաբ եղան, իսկ մենք` հուսախաբ:

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031