Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում ձերբակալվածների թիվն անցել է 750-ից

Մայիս 09,2012 19:30

Ոստիկանները ձերբակալում են «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովին

Արդեն չորրորդ օրն է՝ ոստիկանությունը Մոսկվայում զանգվածային ձերբակալություններ է իրականացնում փողոցներում, որտեղ ընդդիմադիրները փորձում են «քաղաքական զբոսանքներ» անցկացնել՝ Վլադիմիր Պուտինի նախագահության դեմ։ 

Վերջին տեղեկությունների համաձայն, ճաղերի ետեւում են հայտնվել ավելի քան 750 մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին եւ Սերգեյ Ուդալցովը։ Երկուսն էլ մեղադրվում են ոստիկանությանը չենթարկվելու համար, եւ վարչական տույժից բացի կարող են նաեւ 15-օրյա կալանքի դատապարտվել։

Ընդդիմադիրների նկատմամբ բռնությունները, հիշեցնենք, սկսվեցին անցած կիրակի, երբ Պուտինի երդմնակալությունից մեկ օր առաջ ընդդիմությունը փորձեց երթ եւ հանրահավաք անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում: «Մոսկվան դեմ է Պուտինին, Ռուսաստանը՝ առանց Պուտինի», – հայտարարում էին ընդդիմադիրները։

Թեեւ հանրահավաքն ավելի վաղ արտոնվել էր քաղաքապետարանի կողմից, այդուամենայնիվ, դրա մեկնարկից րոպեներ անց արդեն բախումներ սկսվեցին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, հանրահավաքի ավելի քան հարյուր մասնակիցներ ձերբակալվեցին։

«Տպավորություն է, թե Մոսկվայում արտակարգ գրություն է մտցված կամ պարետային ժամ», – հայտարարել է «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Գենադի Գուդկովը՝ ընդգծելով. – «Եթե մեր երկրում այլեւս հանցանք է համարվում հուշարձանի աստիճանահարթակին նստելն ու կիթառի տակ երգելը, ապա մենք վերջնականապես վերածվում ենք ոչ թե նույնիսկ ավտորիտար, այլ ոստիկանական ու բռնապետական պետության»։

Վերջին ձերբակալությունների առնչությամբ անհանգստություն է հայտնել նաեւ Միացյալ Նահանգները:  Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները երեկ ամենօրյա ասուլիսը սկսել է հենց այս մասին հայտարարությամբ. – «Մենք մտահոգված ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության պատկերներով։ Վաշինգտոնն ուզում է, որ Ռուսաստանը օգտագործի իր ողջ ներուժը, ասել է թե` հնարավորություն տա մարդկանց ազատ ինքնարտահայտման»։

Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն ժողովրդավարացման գործընթացը ու կպաշտպանեն քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Թեմային լայնորեն անդրադարձել են նաեւ արեւմտյան թերթերը:

«Պուտինի երդմնակալության արարողությունը իսկապես գեղեցիկ էր, իրականում սակայն, այն, ինչ կատարվում է վերջին օրերին Մոսկվայում, ավելի շատ ռազմական գործողություն է հիշեցնում, քան ազգային տոն», – գրում է Forbes-ը՝ մանրամասնելով. – «Կենտրոնական փողոցների մեծ մասն արգելափակված էր հատուկ ջոկատայինների մեքենաներով, հանրային տարածքները՝ այգիներն ու պուրակները փակ էին այցելուների համար: Կրեմլի պատկերացումներով, թերեւս, հասարակ մարդիկ կարող էին փչացնել ողջ այդ տոնահանդեսը»։

«Երրորդ պաշտոնավարման ընթացքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Պուտինը սկսի ապամոնտաժել կամ ծայրահեղ դեպքում՝ թուլացնել այն համակարգը, որ կառուցել էր իր իսկ պաշտոնավարման առաջին եւ երկրորդ ժամկետների ընթացքում՝ պետության գերիշխանությունը տնտեսական եւ քաղաքական դաշտում», – իր հերթին կարծիք է հայտնում Financial Times-ի խմբագրականն ու ընդգծում. – «Եթե հիմա Պուտինը չարագացնի բարեփոխումների տեմպն ու չկառուցի առավել ներկայացուցչական քաղաքական համակարգ, դժգոհությունները կաճեն այնքան, որ մի օր կդառնան պայթյունավտանգ»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031