Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքն ավարտվել էր, բայց կոնգրեսի ընտրազանգվածը չէր շտապում հեռանալ Ազատության հրապարակից. խումբ-խումբ քննարկում էին, թե քաղաքական դաշտից ով է «կեղտ», ումից են իրենք զզվում, Տեր-Պետրոսյանը հատկապես ում լավ «կպավ» եւ այլն:
Հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ Վահագը, Aravot.am-ի հետ զրույցում հիշեց, թե կոնկրետ իր ընտանիքի վրա ինչ ազդեցություն է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանությունը. «Կինս արենդով պերաշկի էր սարքում: Սերժի ընտրության նախօրյակին 1 պարկ ցորենը՝ 25 կգ, արժեր 3300 դրամ, կարտոֆիլն առնում էինք 30 դրամ, գյուղերից էինք բերում, ձեթն արժեր 600 դրամ: Սերժի ընտրության հաջորդ օրը ընկեր Ալեքսանյանը ալյուրը դարձրեց 7000 մանեթ, 2 օր հետո էլ կուրսը փոխվեց, դարձավ 9000 մանեթ: Կարտոշկեն դարձավ 200 դրամ, ձեթը դարձավ 1200 դրամ: Կինս պերաշկին 10 դրամ թանկացրեց, բայց տակ տվեց: Տեսնես այս անգամ ինչքա՞ն կբարձրացնի պարոն Ալեքսանյանը ալյուրի ու պեսոկի գինը»:
Վահագի կարծիքով, ընտրակաշառքով ընտրված իշխանությունը քանդեց ոչ միայն իր տունը, այլեւ ողջ երկիրը. «Դուք գիտե՞ք Մարտի 1-ի օրերին շատերը գյուղերից ոնց են եկել լցվել Ազատության հրապարակ՝ ավելի շատ ոչ թե պայքարի իմաստը հասկանալով՝ այլ Խաչատուր Սուքիասյանի բաժանած պիցցաների համար: Մարդիկ փող չեն ունեցել ՝ մեկը 20 հատ հաց է բերել, թեյնիկով չայ է բերել: Բոլորին չի կարելի վիրավորել, բայց շատերը գյուղերից դրա համար եկան: Այնպես որ, ընտրակաշառքը մեծ գայթակղություն է, մարդիկ մի-երկու կոպեկով խաբվում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև