Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոգետ Դավիթ Մուրադյան. Շուշին կդնեի Սարդարապատի կողքին

Մայիս 09,2012 17:30

Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ափսոսաց, որ հաճախ օտարները հայերին ու Հայաստանը հիշում են մեզ պատուհասած դժբախտություններով: «10 տարի առաջ իմ գրչընկեր Լեւոն Խեչոյանի հետ Լիսաբոնում էինք՝ Եվրոպական գրական գնացքի հետ եւ քանի որ քաղաքն անծանոթ էր, հյուրանոց հասնելու համար տաքսի նստեցինք: Երբ տեղ հասանք, տաքսու վարորդը հավանաբար տարաշխարհիկ լեզու լսելով չդիմացավ գայթակղությանը եւ հարցրեց՝ ի՞նչ լեզվով էիք խոսում: Երբ իմացավ հայ ենք, ասաց՝ հա՜, ձեզ մոտ երկրաշարժ է եղել: Էդ պահին մտածեցի, որ, ցավոք սրտի, աշխարհը մեզ ճանաչում է ավելի շատ դժբախտություններով, իսկ մեզ անհրաժեշտ է ճանաչել այս ազգային հաջողությունների մեջ»,- նշեց Մուրադյանը:

Մեր զրուցակիցը համոզված է, որ նախեւառաջ ինքներս պետք է ճանաչենք մեր ազգին՝ իր հաջողությունների մեջ, որովհետեւ դրանք ապրելու վստահություն են ներշնչում. «Այդ իմաստով, իհարկե, այսօր առաջին հերթին հիշում ենք մեր հայրերին ու նրանց հայրերին, ովքեր 1941-45 թվականներին ծանրությունը վերցրին իրենց վրա: Այդ հաղթանակի մեջ հայկական մասնակցությունը, իրոք, էական էր, հպարտանալու բան կար, եւ պատահական չէ, որ էդ հաղթանակած զինվորների երեխաներն ու թոռները 88 թվականին հավաքվեցին Ազատության հրապարակում: Ազգային ինքնավստահություն կար՝ պայմանավորված հաղթանակներով, մեր ժողովրդի առաջընթացով, որը հետո դարձավ ազատագրված Շուշի»:

Դավիթ Մուրադյանը մի հարցում վստահ է. «Եթե 20-րդ դարի մեր պատմության կարեւորագույն հանգրվանները նայենք, ազատագրված Շուշին ես կդնեի Սարդարապատի կողքին: Անընդհատ ապրել ենք մաս-մաս հայրենիք կորցնելով եւ հայրենիք վերադարձնելու հոգեբանական անհրաժեշտությամբ, հետագայում ապրելու, ազգերի մրցակցության մեջ ինքն իրեն չկորցնելու ու հավատալու համար շատ կարեւոր էր Շուշիի ազատագրումը: Եվ այդ 20-ամյակը ես համարում եմ մեր սերնդի պատմական ձեռքբերումը, արդարացումը՝ անցյալի եւ ապագայի առջեւ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031