ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դերասան, «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանն ասում է, որ այսօր բացարձակ տոնի զգացողություն չունի: Ընդամենը զանգել է Շուշիի համար կռված իր ընկերներին, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Միքայել Ապրեսյանին ու մյուսներին, շնորհավորել եւ վերջ:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ճիշտ մատուցել եւ արժեւորել հաղթանակները, պարոն Մանարյանը պատասխանեց, որ հաճախ այլ գործընթացներ են ընթանում, բայց դրանք իբրեւ հաղթանակներ են հրամցվում, եւ մարդիկ էլ կամա թե ակամա ենթարկվում են հրամցվածին: Նրա խոսքով. «Ցավոք սրտի, այդ կարգի հաղթանակները մթագնում են էն մեծ հաղթանակը, որ ժողովուրդը տարել է եւ տեր է կանգնել իր պատմական անցյալից:Իսկ ամենից վատն այն է, որ սերունդ դաստիարակելով չենք զբաղված, այլ վատ վարպետների նման օրը աշխատող, օրը ուտող մարդիկ ենք դարձել, լավագույն դեպքում լքում ենք մեր հայրական տունը ու գնում՝ մի ուրիշ տեղ մի պատառ ուտելու, մի քիչ հանգիստ լինելու համար: Օրինակ անընդհատ խոսվում է ընտրությունների ընթացքի, հետեւանքների, ընտրակաշառքի եւ այլնի մասին, բայց ոչ մի ոչ մի տեղ բարոյականության խնդիրները չեն բարձրացվում, մինչդեռ դրանք կարեւոր հիմք ունեն, ազգի բարոյական գիտակցությունն են: Դրան չենք անդրադառնում, ասենք, այն պատճառով, որ օրերը խառնակ օրեր են, բայց սրանից առաջ էլ չենք անդրադարձել եւ հետո էլ չենք անդրադառնալու»:
Արվեստագետը կարծում է, որ իսկական հաղթանակներն արժեւորելու, բարձր մարդկային գիտակցությամբ ու բարոյական սկզբունքներով ապագա հասարակության անդամ դաստիարակելու փոխարեն ,TV-ներն այլ բան են հրամցնում: «Հիմա ալիքները բլյուդների նման շատ են, բայց ինչ են անում: Խորհրդային տարիներին ընդամենը 1-2 կանալ ունեինք, բայց մարդիկ հասցնում էին իրենց սկզբունքները քարոզել, հիմա էդ բանը չի արվում: Ես իմ մասնագիտությունից ելնելով՝ ամեն անգամ միացնում եմ հեռուստացույցը ու ցավով տեսնում, որ մարդիկ դարձել են պրոֆեսիոնալ խնդացողներ, ծափ տվողներ, երիտասարդ մարդկանց մասնագիտությունը դարձել է քահ-քահ ծիծաղելը»:
Երվանդ Մանարյանն ասում է, որ ինչպիսին երկրի տնտեսությունն է, այնպիսին էլ նրա հասարակությունը, իսկ մեր տնտեսությունը, նրա ձեւակերպմամբ, մենաշնորհային է եւ օլիգարխիկ. «Չգիտեմ, թե հետո ինչպես կխմբագրվի ամեն ինչ, բայց այս պահին շատ տխուր է: Ինչպիսի՜ հետաքրքրությամբ ու նախանձախնդրությամբ էին ոմանք իրար դեմ կանգնած ընտրություններին՝ էսքան քվեարկեք, էնքան քվեարկեք…Վերջում, ամեն ինչ լուծվեց շատ պարզ ձեւով, վերականգնվեց այն սխեման, որը Ռոբերտ Քոչարյանը մատուցել էր: Մի հատ ՀԱԿ եկավ՝ մեջ ընկավ, որովհետեւ էլ չէր լինի նրան բանի տեղ չդնել՝ շատ հզոր ձեւով էր մտել իրականություն ու …ամեն ինչ մնաց նույնը: Մնաց նույնը, որովհետեւ՝ ա՛յդ էր իրենց պետք, դրա վրա է հենված իրենց հարկավորությունը, իշխանությունը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ