Շատերս ամեն կերպ փորձում ենք դուրս գալ մեզ կաղապարող, ազատությունը սահմանափակող շրջանակներից, բայց արի ու տես, երբ մարդը կոտրում է այն, կյանքն անիմաստ է դառնում, ազատությունն էլ` անպիտան: Մնջախաղի պետական թատրոնում բեմադրված «Սոնետ № 90» կամ «Շրջանակից դուրս» ներկայացումը /ռեժ. Յ. Կոստանյան/ ասես հենց դա է մատնանշում, թեև այն կառուցված է կիսատոների վրա, ամեն ինչ ասվում է անձայն, մնջախաղի լեզվով, իմպրովիզացիոն վարիացիաներով: Դերասանները երկուսն են` Նարինե Գրիգորյանն ու Յուրի Կոստանյանը:
Ներկայացման սկզբում բնագրով լսվող Շեքսպիրի № 90 սոնետն ասես որպես աղոթք է հնչում և հանդիսատեսին տրամադրում այն ամենին, ինչ տեղի է ունենալու ողջ ներկայացման ընթացքում: Բեմական տարածքը կարող ենք ընկալել որպես տիեզերք, որտեղ թելերից կախված են տարբեր իրեր` երկրային կյանքի հետ կապ ունեցող` գլխարկ, պլաստմասե կիսանդրի, որի վրա հագցված է պիջակ ու կարմիր փողկապ, աթոռ, բարձրակրունկ կոշիկ, եղջյուրներ, ճերմակ կտոր, իսկ մեջտեղում իր մեծությամբ ասես հանդիսատեսին իր մեջ է փորձում առնել պասպարտու-շրջանակը, որը դերասանների ձեռքում ունակ է թե’ հայելի, թե’ օրորոց, թե’ պատվանդան դառնալու: Նաև մի կարևոր խորհրդանշական իր՝ խեցին: Ներկայացման ընթացքում այն խաղարկվում է և ամեն անգամ նոր իմաստ ստանում. մեկ կնոջ արգանդ է, որի միջից դուրս է գալիս տղամարդը, մեկ հիշեցնում Ս. Բոտիչելիի հայտնի «Վեներայի ծնունդը» կտավը, քիչ հետո դերասանուհու /Նարինե Գրիգորյան/ ձեռքին խեցին դառնում է Վեներայի ճանճորս, որը փորձում է «որսալ» տղամարդուն, մեկ էլ թևեր դառնում հերոսուհու համար:
Դերասաններն իրենց մարմնի ճկունությամբ կարողանում են ներկայացնել տարբեր կերպարներ, տարիքային տարբեր սանդղակներ, որտեղ միավորողը սերն է: Մեր աչքին տեսանելի են և’ շեքսպիրյան անաղարտ սերը /Ռոմեո և Ջուլիետ/` ինքնամոռաց ու հավատով լեցուն, և’ կասկածն ու խանդը` կրքոտ, ավերիչ, կործանող /Օթելլո և Դեզդեմոնա/, և’ խենթ ու ծեր ազնիվ ասպետի երազներն են թռչում բեմահարթակում /Դոն Կիխոտ և Դուլսինեա Տաբոսկո/: Ներկայացումն ասես եռերգություն լինի: Առաջին մասում տղամարդը /Յուրի Կոստանյան/ տարված է իր և աշխարհի բացահայտմամբ, ճանաչմամբ: Երջանկությամբ ու իրեն դեռ անհայտ զգացումով է լցվում, երբ աչքին է հայտնվում կին- հրեշտակը, որից հետո տղամարդուն հաջողվում է գայթակղել հրեշտակին` նրան զրկելով իր ճերմակ թևերից, ասել է թե` կտրել կապը երկնային տիրույթից: Յուրի Կոստանյանի ստեղծած կերպարը կարծես Վերածննդից հայտնված ասպետ է՝ դոնկիխոտյան մի կերպար, որը, գտնելով իր Դուլսինեային, սիրով ու հավատով է լցվել դեպի կյանքը: Կյանքը լեցուն է, գունեղ, բովանդակալից, միայն թե, ափսոս, որ երկրում ապրողները լավ գիտեն` ինչ բան է խանդը, խանդի արժեքն էլ բաժին է ընկնում անմեղ հրեշտակներին:
Կնոջ խաղ- ինքնախորտակումով /նա խաղի մեջ ներգրավված երկնքից պոկում է եղջյուրներն ու չգիտակցելով իր արածի իմաստը` դնում է տղամարդու գլխին/ մեր առաջ բացվում է եռերգության երկրորդ մասը, որտեղ ակնհայտ է Օթելլո- Դեզդեմոնա զույգի կործանումը:
Մահն այս ներկայացման մեջ ավարտ չէ, այլ ազդակ տղամարդկանց` վերահսկելու իրենց զգացմունքները: Նարինե Գրիգորյանի կերպարը քիչ հետո բացում է աչքերը, ժպտում տղամարդուն, բայց ինչ-որ բան արդեն այն չէ: Հրեշտակն ասես հոգնեց երկրային կյանքից, հիասթափվեց, վախեցավ: Կերպարներն անընդմեջ հպվում են օդում կախված շրջանակին, մեկ մեջը մտնում, մեկ հայտնվում դրա տակ, մեկ փախչում դրանից:
Եռերգության երրորդ` վերջին մասը իրենից ներկայացնում է այս անգամ խեղճ, խելակորույս ու հոգնած ասպետի մանուշակագույն երազները: Դերասանուհու զգեստն էլ մանուշակագույն է, թվում է, թե հենց ինքն է երազը, որ երկիր է իջել՝ աշխարհն ավելի գեղեցիկ, նուրբ ու քնքուշ դարձնելու համար: Ամեն ինչ երևի այդպես էլ շարունակվեր, եթե չխախտվեր կյանքի օրենքը, չկոտրվեր շրջանակը: Այդ րոպեից սկսած ավարտվում է նաև այս երկուսի ներդաշնակությանը ձգտող զուգերգ-սիրախաղը, խախտվում է համաշխարհային ներդաշնակությունը, սկսվում է քաոս նրանցից յուրաքանչյուրի հոգում: Հրեշտակն ընդմիշտ անհետանում է, իսկ տղամարդը, ինչպես բոլոր երկրային արարածները, միայն կատարվածից հետո է ունակ գնահատելու ու իր ափսոսանքը, բողոքն ու վիշտը արտահայտելու. ափսո՜ս, անցածը հետ չես բերի:
Թատերական քննադատ` Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ