Մայիսի 3-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած նիստում ցուցմունք է տվել Իջեւանի գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրված զորամասի հրամանատարի աշխատասենյակում երիտասարդներին ծեծի ենթարկելու համար: Հիշեցնեմ, որ նույն գործով հիմնական մեղադրյալը Իջեւանի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանն է, որը նույնպես իրեն մեղավոր չի համարում:
Այս դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին: Քրեական գործի նախապատմությունը հետեւյալն է: Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ դեղորայք էին տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով այդ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել են նրա աշխատասենյակի երկրորդ հարկից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք:
Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով`Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Սերգեյ Կարապետյանն ու Հրանտ Դալլաքյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից եւ կալանավորվել: Սույն գործով հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 17-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ