Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ իմացել Շուշիի ազատագրման մասին

Մայիս 09,2012 16:25

1992 թվականի մայիսի 9-ին Շուշին ազատագրվեց ադրբեջանական բանակից: Անցել է 20 տարի, բայց այդ օրը շարունակում է մնալ տոն՝ բոլորիս համար: Այսօր էլ «Երկու երես» ակումբում կազմակերպվել էր ասուլիս` Շուշիի ազատագրման թեմայով: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը ասաց, որ շատ շատերը ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի ստեղծման վայրին ու թե ինչպիսի հողերի վրա է այն գտնվում. «Շուշիի պատմությունը գալիս է հին ժամանակներից: 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին այն ծաղկուն քաղաք էր: Բաժանված էր երկու մասի` հայկական ու մահմեդական, բայց 1920 թվականին ադրբեջանցիների կողմից սկսված կռիվը ծանր հետևանք ունեցավ քաղաքի վրա, իսկ բնակչության մի մասն էլ գնաց Ղարաբաղի լեռնային մասերը»:

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի կարծիքով էլ՝ Շուշիի ազատագրումը ասոցացնում ենք Ղարաբաղի պատերազմի հաղթանակի հետ: Խորհուրդ է տալիս` դրանցից առանձնացնել մեզ անհրաժեշտ դասերը, քանի-որ ռազմական ստրատեգիկ իմաստով, դրանք ունեցել են կարևոր դեր. «Շուշիի ազատագրումը ռազմարվեստի յուրօրինակ ձև էր ոչ միայն մեզ համար, այլ՝ նաև արտասահմանյան մասնագետների. հենց իրենք են ասում»:

Պարոն Գալստյանը կարևորում է նաև եղածի հոգեբանական ազդեցությունը: Ըստ նրա, դրանով ավելի ամրացավ միասնականության գաղափարը .«Կարևոր է նաև դաստիարակչական ազդեցությունը: Լավ կլիներ, որ սրա մասին ավելի շատ խոսվեր: Հերոսի կերպարը ուղենիշ պետք է լինի երիտասարդ սերնդի համար, անկախ նրանից, թե նա ով է եղել` մտավորական, ինժեներ»:

Այս ամենին զուգահեռ քաղաքական գիտությունների թեկնածու  դոցենտը առանձնացնում է ազատամարտիկի` պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում գտնվելը: Փաստում է, որ այսօր կան շատ-շատ ազատամարտիկներ, ովքեր սոցիալապես վատ վիճակում են գտնվում:

Պատմական  փաստերը վկայում են, որ Արկադի Տեր-Թադեվոսյանը, երբ ազատագրել է Շուշին, երկրի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվել է Իրանում: Aravot.am-ի հարցին` արդյոք նա տեղյա՞կ է եղել ազատագրման մասին, Ալիկ Ղարիբյանը, ի պատասխան հարցի, հիշեց մի դեպք. «Երբ Իրանում հարցրել են` գիտեք, որ Շուշին ազատագրվել է, Տեր-Պետրոսյանը պատասխանել է` ոչ»: Ղարիբյանի կարծիքով, դա դիվանագիտական քայլ է եղել: Նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր խանգարել են ազատագրման իրականացմանը. «Մեկը, հենց մեր պաշտպանության նախարարությունից են զանգել ու ասել, որ դադարեցնենք»:

Խոսելով Շուշիի այսօրվա վիճակի մասին՝ երկու բանախոսներն էլ նկատեցին նրա զարգացումը: «Յուրաքանչյուր հայ պետք է մի բան անի զարգացման համար»,- կոչ են անում նրանք:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031