Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին Շուշիի ազատագրումը լուսաբանած լրագրողներ Լեւոն Մարգարյանը («Լրաբեր», «Զինվոր») եւ Վարդան Դեվրիկյանը՝ («Երկիր»): Բանախոսները շնորհավորեցին Շուշիի ազատագրման 20-ամյակը եւ վերհիշեցին պատերազմի տարիների թղթակցությունները:
Մարգարյանը նշեց, որ իր առջեւ խնդիր էր դրված՝ ներկայացնել ոչ թե պատերազմական գործողությունները, այլ պայքարողների եւ ժողովրդի հոգեբանական վիճակը. «Իմ բախտը բերել էր այդ օրերին, քանի որ հնարավորություն ստացա Շահումյան գնալու: Շուշիի գրոհը սկսվել էր, եւ մեր ուղղաթիռը վայրէջք կատարեց Ստեփանակերտի ֆուտբոլի դաշտում: Հայտնվեցի Արկադի Տեր-Պետրոսյանի շտաբում: Երբ Շուշին ազատագրվեց, անմոռանալի էր այն պահը, որ քաղաք մտնելուց ամբողջ գետինը ժողովուրդը ծածկել էր ծաղիկներով»: Նրա ձեւակերպմամբ, Շուշիի ազատագրումը ոչ թե սպարապետիկների եւ գեներալիկների, այլ ժողովրդի կամքն էր:
Լ. Մարգարյանը եղել է բոլոր սահմանամերձ գյուղերում եւ տեսել, թե ինչ բարձր արժանապատվությամբ են զինվորները դիմակայում: Այդ ժամանակ նա թղթակցում էր «Զինվոր» թերթին: Լրագրողը հետաքրքիր դեպք հիշեց. «Կոմանդոսի շտաբում էինք, երկու օր սոված էին մնացել: Այծ մորթեցին եւ թոքը դրեցին կրակին: Մի պահ մոռացության մատնվելով՝ միսը սկսեց վառվել, ես էլ վազեցի, որ փրկեմ: Այդ պահին մեր գլխավերեւով ինքնաթիռ անցավ, եւ զինվորները բացականչեցին՝ воздух, Կոմանդոսն էլ թե՝ а ну ка, журналист, ложись: Ես էլ նրան պատասխանեցի՝ ես քո հավեսը չունեմ, միսը վառվում է»:
Վարդան Դեվրիկյանն առանձնացրեց տոնը նշելու երեք հանգամանք: Գրականագետի կարծիքով՝ առաջնահերթ պետք է հարգենք զոհվածների հիշատակը, երրորդ՝ խոնարհվենք կռվածների եւ սահմանամերձ գյուղերի ժոողովրդի առջեւ: «Առանց նրանց աջակցության զորքը չէր հաղթի: Եվ երրորդ՝ ես մտավախություն ունեմ այն հարցի շուրջ, թե Շուշիի ազատագրման 30-ամյանը մենք կտոնենք որպես վերհուշ, թե հաղթանակի մշտական զգացում»,- ասաց պարոն Դեվրիկյանը: Ազատագրական պայքարը լուսաբանած լրագրողն ընդգծեց, որ այդ ժամանակ ֆենոմենալ երեւույթ էր թերթերի համար գոյացած հերթը, ինչպես հացի. «Այդ թղթակցություններն ունեին որակական հատկանիշներ եւ ամենակարեւորը՝ դրանք գրավոր խոսքը դարձնում էին հոգեւոր հաց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ