Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքից ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը պայքարի շարունակության նախանշաններ չի տեսել: Aravot.am-ին պարոն Մակեյանն ասաց, որ ի տարբերություն Դաշնակցության ու «Ժառանգության», որոնք հրապարակեցին ընտրություններում արձանագրած ընտրախախտումները, բայց կարծես թե բողոքարկելու մտադրություն չունեն, ՀԱԿ-ը երեկ «իմիտացիոն փողոցային պայքարի տպավորություն ստեղծեց»՝ հասկացնելով, որ փողոցային պայքարը թողնելու է 2-րդ պլան:
Պետրոս Մակեյանի խոսքերով, ՀԱԿ-ը չի կարողանում կողմնորոշվել ոչ ստանդարտ գործելաոճից. «Իշխանությունների համար ընդդիմության քայլերը կանխատեսելի են դարձել, դրա համար նրանք կարողանում են լավագույն արդյունքների հասնել»:
Պարոն Մակեյանն ասաց, որ իրենց՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության համար, ՀԱԿ-ի պայքարի ձեւերը՝ վերջին կես տարվա, ընկալելի չեն, ապա բացատրեց, թե ինչու են սատարել ՀԱԿ-ին.« Շատ որոշումների հետ համամիտ չենք եղել, բայց փորձել ենք չխոչընդոտել այդ գործելաոճին , որ ընտրությունների այսպիսի արդյունքների պարագայում մեղադրանքներ չհնչեն մեր կուսակցության հասցեին: Կարելի էր 2011-ի գարնանային ալիքի բարձրացման ժամանակ պայքարի ուրիշ ճանապարհ ընտրել, ոչ թե՝ երկխոսությունը»:
Մեր զրուցակցի համար ընդունելի չէր նաեւ ՀԱԿ-ի երկխոսությունը ԲՀԿ-ի հետ. «ԲՀԿ-ի հետ եղբայրություն արեցին, արդյունքում՝ Կոնգրեսը հազիվ կարողացավ հաղթահարել 7 տոկոսի շեմը: Հիմնական պատճառը ՀԱԿ-ի սխալ հաշվարկներն էին: Ես մեղադրում եմ ոչ թե ժողովրդին, որ նախընտրեց ընտրակաշառքը, այլ Կոնգրեսին, որ թույլ չտվեց ժողովրդին իր մեջ տեսնել այն այլընտրանքը, որը տեսնում էր մեկ տարի առաջ»:VOICE123
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ