«Ի դեմս Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի միջեւ համագործակցության՝ հայ-ֆրանսիական հարաբերություններում տեսնում եմ գործնական աշխատանք եւ ձեռքբերումներ»,- նման կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆրանսերեն հարցերով կցորդ, Արտակարգ հարցերի գծով պատասխանատու Ֆաբիեն Ներան, ԵՃՇՊՀ-ում օրերս կայացած Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի (ԱԲՃԴ) եւ ԵՃՇՊՀ ուսանողների ճարտարապետական նախագծերի հերթական համատեղ ստուգատես-մրցույթում:
Հայ եւ ֆրանսիացի ապագա ճարտարապետները Երեւանի Տիգրան Մեծ, Քրիստափոր, Արշակունյաց եւ Ագաթանգեղոս փողոցներով եզերված թաղամասի («Արարատ» առեւտրի կենտրոնից մինչեւ «Փեթակ») նախկին արդյունաբերական հատվածում նոր ճարտարապետաշինարարական լուծումներ են առաջարկում՝ համադրելով հին կառույցները նոր մոտեցումների հետ: Կլերմոն-Ֆերանի ԱԲՃԴ-ի 9 եւ ԵՃՇՊՀ-ի 8 ուսանողները բաժանվել էին չորս խմբերի, յուրաքանչյուր աշխատանքային խմբում ընդգրկված էին երկու բուհերի ուսանողներ եւ հայ-ֆրանսիացի դասախոսներ: Հանձնաժողովը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական ապագա ճարտարապետների ներկայացրած նախագծերը: Գլխավոր մրցանակին արժանացան Ժերոմ Մանտելեն, Կեվին Կատալդոն, Միթրա Պանահիանը եւ Նարեկ Միրզային, իսկ հատուկ մրցանակին՝ Սյունե Առաքելյանը, Նարեկ Բարսեղյանը, Զոե Ժենդրը, Մարտեն Բուվարը եւ Գիլեմ Դելոնը: Երկու մրցանակներն էլ սահմանված էին ԵՃՇՊՀ-ի կողմից: Ստուգատես-մրցույթին մասնակցած մյուս աշխատանքային խմբերը արժանացան հավաստագրերի եւ հուշանվերների:
«Շատ գոհ եմ կազմակերպված աշխատանքներից: Այս անգամ ծրագիրը առանձնահատուկ կարեւորվում է այն իմաստով, որ առաջին անգամ է դիտարկվում արդյունաբերական տարածքների վերակառուցումն ու վերաօգտագործումը: Այն իր մեջ ներառում է հասարակական, առեւտրային, արդյունաբերական, տրանսպորտային եւ այլ ոլորտներ, ինչպես նաեւ տարբեր ենթակառուցվածքների ձեւավորում: Ընդհանրապես ուզում եմ շնորհավորել բոլոր այն ուսանողներին, ովքեր մասնակցել են ԵՃՇՊՀ-ի եւ մեր ճարտարապետական դպրոցի մեջ կայացած թվով 15-րդ ստուգատես-մրցույթին»,- իր խոսքում նշեց Կլերմոն-Ֆերանի ԱԲՃԴ-ի պրոֆեսոր եւ ԵՃՇՊՀ-ի պատվավոր դոկտոր Իվոն Կոտիեն: Նա հայ-ֆրանսիական ճարտարապետական բուհական համագործակցությունում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրվեց ԵՃՇՊՀ-ի «Ջիմ Թորոսյան» ոսկեզօծ մեդալով: Հավելենք, որ Կլերմոն-Ֆերանի ԱԲՃԴ-ի եւ ԵՃՇՊՀ-ի միջեւ ուսումնագիտական համագործակցությանը սկիզբ է դրվել 2003-ին: 9 տարվա ընթացքում մոտ 200 ուսանող եւ 40 դասախոս այս համագործակցության շրջանակներում մասնակցել են այս փոխանակման ծրագրին: Ըստ Ֆրանսիայի բարձրագույն կրթության եւ գիտության գնահատման գործակալության, այս համագործակցությունը բարձր է գնահատվել եւ նշվել է դրա շարունակելիության անհրաժեշտությունը: ԵՃՇՊՀ-ի եւ Ֆրանսիայի ճարտարապետական բուհերի միջեւ համագործակցությունը կարեւոր քայլ է համարվում եվրոպական կրթական համակարգին՝ Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու ուղղությամբ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ