Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողը՝ «ՀայՌուսգազարդի» դեմ

Մայիս 09,2012 13:16

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, մայիսի 2-ից սկսվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ սպառող, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Դավթյանի՝ վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցի դատաքննությունը:

«Առավոտը» տեղեկացրել է, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակցուհին երկու մյուս աշխատակիցների հետ, առանց զգուշացնելու, հանել էին փաստաբանին պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել էր բնակարանի գազամատակարարումը: Անցյալ տարվանից մինչ օրս բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, եւ ըստ էության անտեսվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (պետական մարմին) որոշումը, որով պահանջվել էր վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

Դատաքննության ընթացքում ցուցմունքներ տվեցին հայցվորի կինը եւ «ՀայՌուսգազարդի» երեք աշխատակիցները:

«ՀայՌուսգազարդի» նախաձեռնությամբ հրավիրված վկաների ցուցմունքներում կային մի շարք հակասություններ: Սպառող փաստաբանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «Գլխավոր վկան՝ Կարինեն, մի դեպքում նշում էր, որ լսել է կնոջս եւ իմ հեռախոսային խոսակցությունը, իբր ես կարգադրել եմ չստորագրել որեւէ արձանագրություն, մյուս դեպքում էլ նշում էր, թե դա իր ենթադրությունն է, անգամ նշեց, որ լսել է, թե իբր ես հեռախոսով գոռացել եմ տիկնոջս վրա: Մյուս երկու վկաները նույնպես ցուցմունքներ տվեցին եւ նշեցին, թե հնարավոր չէր լսել հայցվորի հեռախոսազրույցը»:

Դատակոչված վկաներից մեկն էլ նշեց, որ գազահաշվիչը եւ հայցվորի բնակարանը գտնվում են միմյանցից մոտ 1-2 մետր հեռավորության վրա, մինչդեռ Գ. Դավթյանի բնակարանի արտաքին պատի վրա չի գտնվում գազի հաշվիչը: Այն սպառողի բնակարանից գտնվում է մոտ 35-45 մետր հեռավորության վրա:

Հետաքրքրական էր այն փաստը, որ խախտման արձանագրությունը թեեւ ստորագրել էին երկու աշխատակիցներ (հսկիչներ), սակայն իրականում աշխատանքներին մասնակցել են երեք աշխատակիցներ (հսկիչներ): Կազմված արձանագրության մեջ նշված է, որ իբր հայցվորը՝ Գեւորգ Դավթյանը, հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց, թեեւ իրենք այն ներկայացրել են հայցվորի կնոջը: «Եվ, ընդհանրապես, արդյոք կինս իրավունք ունե՞ր այն ստորագրելու, իհարկե՝ ոչ, քանի որ բաժանորդը հանդիսանում եմ ես»,- ասում է Գեւորգ Դավթյանը:

«ՀայՌուսգազարդի» աշխատակիցների ցուցմունքների համաձայն, նրանք իբր մինչեւ գազահաշվիչի արկղի դիմապակին փոխելը պարտադիր տեղյակ են պահել բաժանորդներին, տվյալ դեպքում՝ նաեւ հայցվորին, եւ հրավիրել գազի հաշվիչի մոտ, մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչն իր առարկություններում նշել է, որ դիմապակին փոխելու համար կատարվելիք աշխատանքների մասին տեղեկացնելու անհրաժեշտություն չի եղել:

Չնայած դրան՝ իրենք փորձել են տեղեկացնել հայցվորին, որը տեղում չի եղել (փաստորեն, «բարի կամք են դրսեւորե՞լ»): «Ի՞նչ եք կարծում, հարգելի բաժանորդներ, Ձեր գազահաշվիչի ցուցմունքը վերցնելուց, դիմապակին փոխելուց, արկղը բացելուց կամ այլ գործողություն կատարելուց առաջ Ձեզ հրավիրո՞ւմ են կամ նախազգուշացնո՞ւմ են այդ գործողությունների մասին, կամ ընդհանրապես իրենք ներկայանո՞ւմ են, Ձեզ ցույց տալի՞ս են իրենց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Դուք այդ հարցերի պատասխանը ինձանից լավ գիտեք»,- դատարանում ասում էր Գ.Դավթյանը:

Մայիսի 15-ին կհրապարկվի վճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031