Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրակացարանից վտարում են 6 ընտանիքի

Մայիս 09,2012 13:13

Տիկին Աիդան՝ ՀԱԿ հանրահավաքին:

Եղեգնաձորում մի հանրակացարան կա, որտեղ ինքնակամ զբաղեցրել եւ արդեն տարիներ ի վեր ապրում են բազմաթիվ ընտանիքներ: Վերջերս բնակիչներին քաղաքապետարանից հորդորել են ազատել տարածքը: Առայժմ այդ հորդորները ոչ պաշտոնապես են, բայց բնակիչներն արդեն ահը սրտերում սպասում են վտարմանը: Եղեգնաձորում ՀԱԿ-ի հանրահավաքին այս հարցով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էին ուզում զրուցել հանրակացարանի բնակիչները: Սակայն Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն իր ելույթն ունենալուն պես հեռացավ՝ գրաֆիկից հետ չընկնելու համար, իսկ բնակիչները մնացին շվարած: «Առավոտի» հետ զրույցում բնակիչներից մեկը խնդրեց Տեր-Պետրոսյանին փոխանցել, որ իրենց խնդրով զբաղվի. «Մեզ վտարում են, մենք հայտնվելու ենք փողոցում»: Տիկին Աիդան բնակվում է այդ հանրակացարանում 10 տարուց ավելի: Նրա խոսքերով՝ «Եթե հնարավորություն ունենայի մի տեղ ապրելու, այս 10 տարվա ընթացքում գնացած կլինեի: Բայց չունեմ, հազիվ օրվա ապրուստի, օրվա հացի մասին ենք մտածում, այդ ի՞նչ ենք աշխատում, որ տան համար էլ հասցնենք փող հավաքել»: Աիդան պահում է 3 անչափահաս երեխաների, ընդ որում՝ նրանցից մեկը հաշմանդամություն ունի. «Աղջիկս ծնվել է մանկական պարարիչով: Ես հիմա 3 երեխաներիս առնեմ՝ ո՞ւր գնամ: Ու ինձ նման մեր հանրակացարանում 5-6 ընտանիք կա: Լավ օրից չենք մենք ապրում հանրակացարանում, այդ պայմաններում»: Ինչպես պատմեցին բնակիչները, իրենց ասել են, որ հանրակացարանի այդ շենքն առած է, ու վաղ թե ուշ սեփականատերը կպարտադրի, որ տարածքն ապօրինի զբաղեցրած քաղաքացիները դուրս գան: Բնակիչները խնդրում էին իրենց տեր կանգնել՝ նշելով, որ 10 տարի վաղեմության ժամկետը իրենց դեպքում չի՞ գործելու. «Այդ սենյակները այդքան տարի զբաղեցրել ենք, մերն է, ինչի՞ հիմա հիշեցին դրա մասին, բա մենք ո՞ւր գնանք, բա պետությունը հանրակացարանը ծախելու, սեփականատիրոջ մասին մտածում է, բա մեր ապրելու մասին չի՞ մտածում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031