Այս կարծիքին է գործարարը, որը քաղաքապետարանի եւ դատարանների ձեռքը «կրակն է ընկել»
ՀՀ կառավարությունը փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ու դրա զարգացմանը նպաստելու մի շարք ծրագրեր է իրականացնում, սակայն պետական որոշ օղակների թեթեւ ձեռքով փոքր բիզնեսի ներկայացուցիչները հայտնվում են «կործանման» եզրին:
Սուսաննա Մարտիրոսյանը տարիներով պայքարում է Բաղրամյան 76 հասցեում գտնվող իր փոքրիկ կրպակը չկորցնելու համար: Բանն այն է, որ տիկին Սուսաննան մինչեւ 2001 թվականը կրպակի հողի վարձակալության գումար է վճարել Արաբկիրի դեռ այն ժամանակվա թաղապետարանին, սակայն հետո Երեւանի քաղաքապետարանը վարձակալության պայմանագիրը կնքելու իրավունքը փոխանցել է մետրոպոլիտենին: Իսկ մետրոպոլիտենը, հողի վարձը 10 անգամ ավելացնելուց հետո, սկսել է պայքարել կրպակն ապամոնտաժելու համար: Տիկին Սուսաննայի պատմելով՝ «Ես ամեն ինչ անում եմ իմ բիզնեսը փրկելու համար. պարբերաբար դիմում էի քաղաքապետարան, որպեսզի համաձայնություն տան կրպակը մի փոքր վերանորոգելու, թարմացնելու: Բայց քաղաքապետարանից ուղարկում էին մետրոպոլիտենի վարչություն, այստեղից էլ՝ քաղաքապետարան»: Տիկին Սուսաննան դիմել էր Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան՝ կրպակի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Իսկ մետրոպոլիտենն էլ իր հերթին դիմել էր դատարան՝ կրպակն ապամոնտաժելու եւ մոտ 1 միլիոն դրամ որպես վնաս փոխհատուցելու պահանջով: Սուսաննա Մարտիրոսյանի փաստաբանի ներկայացմամբ՝ առաջին ատյանը որոշել էր, որ կրպակը չի կարող դիտվել անշարժ գույք, հետեւաբար չի կարող ճանաչել դրա նկատմամբ սեփականության իրավունքը. «Մենք էլ հակադարձել ենք՝ ինչպե՞ս չի կարող դիտվել, եթե նախկինում դրա նկատմամբ եղել է սեփականության իրավունքի պետական գրանցում: Օրենքով միայն անշարժ գույքի նկատմամբ է պետությունը գրանցում սեփականության իրավունք: Պետությունն արդեն տվել էր սեփականության վկայական, այսինքն՝ արդեն ընդունել էր կրպակը որպես անշարժ գույք: Բացի դրանից, կրպակի սեփականատերը նաեւ գույքահարկ է վճարել, իսկ գույքահարկի մասին օրենքը հստակ սահմանում է՝ գույքահարկը գանձվում է միայն անշարժ գույքից: Պետեկամուտների կոմիտեով էլ հաստատված է, որ կրպակի սեփականատերը՝ «Կաղզվան» կոոպերատիվը, գործունեություն է ծավալել, ուստի կրպակի անշարժ գույք լինելու փաստն անվիճելի է»: Փաստաբանի խոսքերով՝ դիմել են նաեւ Վերաքննիչ դատարան, որն էլ գործը հետ է ուղարկել առաջին ատյան՝ նորից քննելու համար: Այսօր նաեւ Վճռաբեկ դատարանում է մետրոպոլիտենի հայցը՝ կրկին ապամոնտաժելու եւ վնասի փոխհատուցման պահանջով:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում Սուսաննա Մարտիրոսյանն ասաց. «Այդ ամենը մետրոյի ղեկավարությունն անում է, որպեսզի ինձ՝ կրպակով հանդերձ, տարածքից «մաքրի», քանի որ իմ կրպակի հարեւանությամբ գտնվող 2 կրպակների տարածքը քաղաքապետարանը օտարել է Երեւանի քաղաքապետարանի ավագանիներից մեկին: Չնայած Վերաքննիչը չի բավարարել վնասի փոխհատուցման պահանջը, սակայն դեռեւս Վճռաբեկի որոշում էլ պետք է լինի: Ընդ որում, եթե Վճռաբեկն էլ որոշի, որ իմ կրպակը անշարժ գույք չէ, ուրեմն մետրոպոլիտենն իրավունք կունենա այն ապամոնտաժելու: Եվ ես վերջնականապես կհամոզվեմ, որ դատարանը կողմնակալ է եղել: Մետրոպոլիտենի իրավաբանի ամուսինը Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանն է, որի կինը դատական նիստերից մեկից հետո բարձրաձայն բոլորի ներկայությամբ հայտարարել է՝ դուք գիտեք, թե իմ ամուսինն ով է, եւ գիտեք, թե ինչ կարող է լինել: Նույնիսկ Վերաքննիչ դատարանի դատավորն է ասել՝ մենք գիտենք, թե ձեր ամուսինն ով է, բայց մենք պետք է որոշում կայացնենք օրենքի սահմաններում, եւ այդպես էլ գործեց»:
Տիկին Սուսաննայի խոսքերով՝ «Մի կողմից՝ պետությունը իբր թե աջակցում է փոքր ու միջին բիզնեսին, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում է, որ հիասթափվենք, զզվենք, փակենք բիզնեսը ու թողնենք-գնանք այստեղից»:
Սուսաննա Մարտիրոսյանը պատրաստվում է նամակով դիմել նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին. «Իրենց կարգախոսն է՝ «Հավատանք, որ փոխենք». ես նույնիսկ այսքան երկար պայքարի ընթացքում միշտ հավատում էի, իսկ հիմա հուսահատ վիճակում եմ. մի՞թե հիմա էլ ինչ-որ միջին խավի պաշտոնյաներ կարող են լուրջ ապօրինություն անել ու վարկաբեկել մի ամբողջ կառավարություն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ